Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոր սահմանադրության ընդունումը այն կարևոր բարեփոխումն է, որն իրականացնելու դեպքում հնարավոր կլինի հասնել կայուն ժողովրդավարության։
«Նոր սահմանադրությամբ ամենակարևոր ինստիտուցիոնալ խնդիրը, որ պետք է լուծել՝ դատական իշխանության օրգանիկ կայուն կապն է ժողովրդի հետ։ Ես նաև դատական իշխանության ներկայացուցիչների հետ այդ հարցն եմ քննարկում, ասում եմ, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին ու ցանկացած իշխանություն պետք է բխի ժողովրդից։ Ես էսօր տեսնում եմ մի լրջագույն համակարգային պրոբլեմ. Դատական իշխանությունը չի բխում ժողովրդից։ Ավելին, կտրված է ժողովրդից ու նրա հետ ոչ մի օրգանական կապ չունի»,- նշել է Փաշինյանը։
Նա տեղեկացրել է, որ նոր Սահմանադրության համատեքստում որոշակի փոփոխությունների առաջարկներ են գեներացվում, որոնք այդ խնդիրը պետք է լուծեն, միաժամանակ, ևս մեկ առաջարկ է գեներացվել իր քաղաքական թիմում, խոսքը՝ երդվյալ ատենակալների ինստտուտի ներդրման մասին է։
«2018 թ-ից հետո, երբ ՀՀ իշխանությունն ասել է՝ ես գործ չունեմ դատական համակարգի հետ՝ ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս բազմաթիվ ձեռքեր են իրար շփվել, ասում են՝ ինչ լավ է, որ ՀՀ իշխանությունը գործ չունի դատական համակարգի հետ, հիմա մենք գործ կունենաք դատական համակարգի հետ։ Արդյունքում, բազմաթիվ որոշումներ թելադրվել են տարբեր շրջանակների կողմից։ Այդ թվում՝ ՀՀ-ից դուրս գտնվող, դա հիբրիդային պայքարի մեթոդներից մեկն է»,-ասել է նա՝ ընդգծելով, որ ամենակարևոր ռեֆորմը, որ պետք է արվի՝ նոր Սահմանադրության ընդունում է։
Ինչ մնում է սահմանադրությանը՝ Փաշինյանի դիտարկմամբ՝ 1995 թ-ից սկսած ոչ մի սահմանադրության համար ժողովրդի 50+1 տոկոս ձայն չի տվել։ «Սա քաղաքական հարց է, բայց դա նաև օրգանական հարց է, քանի որ երկրում հաստատված իրավակարգը ժողովուրդն իրենը չի համարում, որովհետև ինքը չի համարում, որ ձեռք է բերել պայմանավորվածություն, որ ներհայաստանյան կյանքում մենք ապրում ենք այս կանոններով։ Այսօրվա Հայաստանի սահմանադրության և իրավակարգը նույնքան ատելի է մեր ժողովրդի համար, որքան ատելի է եղել նախկինում՝ խորհրդային տարիների ժամանակ, օսմանյան կայսրության տարիներին,պարսկական կայսրության տարիներին, իրեն պարտադրվել է այն, որովհետև այն ժամանակ էլ, հիմա էլ ինքը համարում է, որ ինչ -որ մարդկանց խումբ իրեն պարտադրել է այդ իրավակարգը, կապ չունի դա Հայաստանի էլիտայի ներկայացուցիչներն են, թե ուրիշ երկրի»,-ասաց նա ընդգծելով, որ առանց այդ բարեփոխման մենք չենք կարողանա այդ խնդիրները լուծել։
Alpha News