Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները խորն են և շարունակում են դինամիկ զարգանալ Հարավային Կովկասում նոր իրողությունների պայմաններում, երբ Երևանի և Բաքվի միջև խաղաղություն է հաստատված։ Երևանի համար դրանք ունեն կարևոր նշանակություն։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։
«Կարծում եմ, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատումը դրական է անդրադառնում նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա։ Անկախության ձեռքբերումից ի վեր Հայաստանն առաջին անգամ երկաթուղային կապ է ստացել Ռուսաստանի հետ. արդեն իրականացվում է ներմուծում երկաթուղով, և, հուսով եմ, որ մոտ ապագայում կսկսվի նաև արտահանումը։ Դա ամրապնդում է մեր ավանդական տնտեսական կապերը, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում», — ասել է Փաշինյանը։
Փաշինյանը նաև ընդգծել է, որ Հայաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի հարցականի տակ, քանի որ այդ կապերը խորն են և քննարկման ենթակա չեն։ Բացի այդ, վարչապետը մատնանշել է նման հանդիպումների կարևորությունը՝ նշելով, որ բարձր մակարդակում միշտ կան քննարկման թեմաներ։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով այսօր մեկնել է ՌԴ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Հայաստանի վարչապետին։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ռուս-հայկական բանակցություններից հետո երկու ղեկավարները շփումները կշարունակեն «դեմ առ դեմ» ձևաչափով աշխատանքային նախաճաշի շուրջ:
Sputnik Արմենիա
