ՀՀ Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության հռչակագիր է, այլ կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պատկերացրեք` դուք տեղափոխվել եք նոր բնակարան, ապրում եք ընդհանուր հարթակում, սպառնում եք և՛ դիմացի, և՛ հետևի, և՛ կողքի հարևաններին` այդպիսով հռչակելով նաև անկախություն։ Դա ի՞նչ է նշանակում. ո՞նց եք այդ սպառնալիքների պայմաններում ապրելու այդ միջավայրում… Միայն ու միայն արտաքին օգնությամբ, իսկ դա ձեզ շարունակելու է դնել ահագնացող կախվածության մեջ նրանցից, ումից այդ օգնությունն ակնկալում եք»,– նշեց Փաշինյանը։
Նա խոստացավ առաջիկայում տեքստի վերլուծությամբ դա ապացուցել։
Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, նա նշեց, որ տեքստի իրավաբանական աշխատանքն ավարտված է։ Փաշինյանը դժգոհեց, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստերին ոչ բոլոր անդամներն են պարտաճանաչ մասնակցում, և ինքն անձամբ է նաև զբաղվում բարեփոխումների հարցերով։
Հիշեցնենք` 2025-ի մարտի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում է 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Միաժամանակ վարչապետը հավելեց, որ իր թիմում կարծիք է հնչում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին զուգահեռ հանրաքվե անցկացնելու նպատակահարմարության մասին։ Այն ժամանակ Փաշինյանը պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում ասաց, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի հռչակագրին։
Ադրբեջանն իր հերթին համառորեն պնդում է, որ Հայաստանը փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ` պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղիղ կոչեր կան:
Հավելենք` ՀՀ Սահմանադրության նախաբանում հղում է արված ՀՀ Անկախության հռչակագրին։ Անկախության հռչակագրում ամրագրված է, որ այն հիմնվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։
Sputnik Արմենիա
