Логотип

Փաշինյան․ Հռչակվում է 4-րդ հանրապետության հաստատումը որպես առաջիկա ռազմավարական անելիք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համաժողովի ժամանակ հայտարարեց, որ հռչակվում է 4-րդ հանրապետության հաստատումը որպես առաջիկա ռազմավարական անելիք։

«Սույն ծրագրով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրություններում այս ծրագրով և գաղափարախոսությամբ քաղաքացիներից ակնկալելու է ՀՀ կառավարման իր մանդատի երկարաձգում ևս 5 տարով։ Մեր նոր ծրագիրը երազանքների հայրենիքի փնտրուքը դադարեցնելու մասին է, որովհետև այսօր մենք գտնվում ենք մեր երազանքների հայրենիքում»,– ասաց Փաշինյանը։

Նա կարդաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագիրը` ասելով, թե 2026 թվականի ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո նախաձեռնելու է համաժողովրդական հանրաքվեի միջոցով Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունման գործընթաց։

«ՔՊ–ն հենվելու է 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի և այդ տարածքը ներառող սահմանների թե՛ ներսից, թե՛ դրսից անձեռնմխելիության հայեցակարգի վրա։ Ակտիվացնելու է ԵՄ–ի և ՀՀ անդամագրվելուն ուղղված ջանքերը, դա չհակադրելով տարածաշրջանացման, ինչպես նաև հավասարակշռված ու հավասարակշռման արտաքին քաղաքականությանը»,– մեջբերեց Փաշինյանը։

Վարչապետը խոսքով` ՔՊ–ն շարունակելու է ՀՀ–ի բոլոր հարևանների հետ խաղաղություն և բարիդրացիությունը հաստատելու քաղաքականությունը։

Ելույթից հետո Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցին, թե ինչով է ծրագրերի իրականացմանը խանգարում 3-րդ հանրապետությունը։

«Մենք նոր փուլ ենք տեղափոխվում։ Եթե 3-րդ և 4-րդ հանրապետության մեջ նշելու լինենք մի քանի առանցքային տարբերություն, ապա առաջնայինը խաղաղությունն է։ Նոր կտակարանում ասվում է՝ «նոր գինի նոր տիկերի մեջ»։ Այսինքն՝ 3-րդ հանրապետությունը մեր հարազատն է, մեր ինքնությունն է, մեր երկիրն ու պետությունն է, բայց նոր գինին նոր տիկերի մեջ»,– ասաց նա։

ՀՀ վարչապետը հավելեց` 4–րդ հանրապետությունը ստեղծված է Կիրանցով և Ոսկեպարի եկեղեցով։ Ըստ Փաշինյանի` 4–րդ հանրապետություն արդեն կա, և դրա հեղինակը ՀՀ ժողովուրդն է, ոչ թե ՔՊ–ն։

Sputnik Արմենիա