ՀՀ կառավարությունը պատրաստ է բանակում ներգրավել բոլոր այն մարդկանց, որոնք համակարծիք են կառավարության ռազմավարության հետ։ Այսօր անվտանգության միջազգային համաժողովում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հակառակ պարագայում հնարավոր չի լինի իրականացնել մշակված ռազմավարությունները։ Նրա խոսքով՝ գլխավորը գաղափարական խնդիրն է։
«Մենք ասում ենք՝ մեր բանակի խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն է։ Ընդհանրապես մեր հայեցակարգային փաստաթղթերում մենք հիմա խոսում ենք պաշտպանունակ բանակի մասին, ոչ թե պարզապես մարտունակ։ Մարտունակ բառը չի արտահայտում խնդիրը, մարտունակ՝ ի՞նչ խնդիր լուծելու համար»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը պատմեց, որ վարժական հավաքների մասնակիցներին իրեն «հիացական նամակներ են հղել» մարզումների մասին, որը ՊՆ-ի հետ ստորագրված պայմանագրով հասարակական կազմակերպություն էր իրականացրել։ Նա նշեց, որ ինքը գաղափարական խնդիր է տեսել ու արգելել է նման ձևաչափով գործակցությունը։ Միևնույն ժամանակ շեշտեց, որ պետությունը պատրաստ է քաղաքացիական կյանքից պրոֆեսիոնալ կադրեր ներգրավել բանակի պաշտպանունակությունը բարձրացնելու համար։
«Պրոֆեսիոնալ մարտական գործո՞ւմ։ Բայց ո՞րն է այն տեսլականը, որին ինքը հավատում է։ Բանակում մեր ամենամեծ խնդիրն այն է, որ հայեցակարգը, թե իրենցից ինչ ենք ուզում՝ մարտական, ֆիզիկական պատրաստվածությունից մինչև գաղափարական, հստակ չէ։ Առանց գաղափարախոսության բանակը կարող է քաոսի վերածել երկիրը, ինքն իրեն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ բանակում քրեածին իրավիճակը գաղափարախոսության բացակայության հետևանք է։
Sputnik Արմենիա