ՀՀ կառավարությունը մտադիր է դիտարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության ձեռքբերման կամ, առնվազն, պետության կողմից ձեռնարկության կառավարման հարցում որոշիչ ձայն պահպանելու հարցը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հետագա քայլերը կախված կլինեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եզրակացությունից, որը պետք է որոշի՝ ընկերությունը կպահպանի՞ լիցենզիան, թե՞ կզրկվի դրանից: Լիցենզիայից զրկելու դեպքում կառավարությունը կգնահատի ձեռնարկության գնման հնարավորությունը՝ հիմնվելով դրա արժեքի վերլուծության արդյունքների վրա:
«Եթե դա կլինի տրամաբանական գին, կառավարությունը շատ լրջորեն կքննարկի։ Եթե գինը կլինի շատ մեծ, և ակնհայտ կլինի, որ պետական բյուջեի միջոցներով մենք չենք կարողանա այդ ձեռքբերումն իրականացնել, ապա կգնանք երկրորդ սցենարով, ըստ որի՝ ՀԷՑ-ը մասնավորեցվում է միջազգային հեղինակություն ունեցող մասնագիտացած ընկերությանը, բայց, իհարկե, կառավարությունը որոշակի ներկայություն կունենա այնտեղ թե՛ օրենսդրական կարգավորումով, թե՛ բաժնետոմսերով, թե՛ «ոսկե բաժնետոմսով»․․․ Դա կքննարկվի»,- նշեց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը հավելեց՝ ինքը կարող է գծել հարցի քաղաքական շրջանակը, իսկ տնտեսական և իրավական մանրամասները կներկայացնեն համապատասխան պաշտոնատար անձինք:
Sputnik Արմենիա
