Логотип

Փաստաբանների պալատ․ Իրավապահները խոչընդոտում են փաստաբանի մասնագիտական գործունեությունը

Գյումրիում փաստաբան Ռուբեն Մխիթարյանի բերման ենթարկվելու կադրերից ակնառու է, որ նրա գործողություններում որևէ ոչ իրավաչափ վարքագիծ առկա չէ: Փաստաբանի մասնագիտական գործունեությունը ոչ միայն խոչընդոտվում է իրավապահների կողմից, այլև նրա նկատմամբ իրականացվում է հետապնդում: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի մոտ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով 33 անձ է ձերբակալվել։ Նրանց թվում է նաև «Մեր ձևով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը։

«Իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հորդորում եմ զերծ մնալ նման գործելաոճից: Փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ներառյալ` վարույթն իրականացնող և այլ մարմիններում հայտնած կարծիքի կամ դիրքորոշման համար»,- գրել է Բաբայանը։

Նա շեշտել է՝ նման վարքագիծը առերևույթ պարունակում է հանցակազմի հատկանիշներ:

Բաբայանը նաև մտահոգություն է հայտնել վերջին օրերին տեղի ունեցող փաստաբանների իրավունքների խախտումների շարունակականության վերաբերյալ։

Փաստաբանների պալատի նախագահը պահանջում է իրավապահ մարմիններից դադարեցնել նման գործելաոճը: Միաժամանակ, հրավիրում է միջազգային պատկան կառույցների ուշադրությունը՝ ակնկալելով պատշաճ գնահատական կատարվող իրավախախտումների կապակցությամբ:

Հոկտեմբերի 20-ին «Մեր ձևով» շարժումը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Ռուբեն Մխիթարյանը ձերբակալվել էր այն պահին, երբ որպես իրավապաշտպան փորձում էր հանդարտեցնել Գյումրիի քաղաքապետարանի մոտ ստեղծված լարված իրավիճակը։

Sputnik Արմենիա