Логотип

Փաստաբաններ․ Գևորգ սրբազանի հայցն ընդդեմ վեհափառի իրավական անհեթեթություն է

Հայաստանը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու ինքնակառավարումը, և պետությունը չի կարող միջամտել եկեղեցու գործունեությանը և ներքին կյանքին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյան) հայցն ընդդեմ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն այդ պաշտոնում:

Փաստաբանը հիշեցրեց, որ Հայաստանի Սահմանադրությունն ու գործող օրենսդրությունը հստակ ամրագրում են Հայ առաքելական սուրբ եկեղեցու ինքնակառավարման իրավունքը, և այդ դիրքորոշումը հաստատված է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային որոշումներով։

«Խնդրի առանցքային հանգամանքն այն է, որ ինչպես հոգևորականի կարգալույծ լինելու որոշումը, այնպես էլ թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատման քայլերը վերաբերում են եկեղեցու ներքին կյանքին և չեն կարող դառնալ դատական վեճի առարկա։ Այդպիսի որոշումները պարզապես չեն կարող վիճարկվել դատարանում։ Օրինակ՝ եթե հոգևորականը դավանաբանական կամ հակականոնական սխալի պատճառով հեռացվում է ծառայությունից, պատկերացնո՞ւմ եք` դատարանը պետք է հաստատի՝ եկեղեցու դավանաբանական տեսակետը ճիշտ է, թե ոչ։ Ինչպե՞ս պետք է, օրինակ, աթեիստ դատավորը նման որոշում կայացնի»,– նշեց Զոհրաբյանը։

Փաստաբանը վստահեցրեց, որ Աշխատանքային օրենսգիրքը չի կարող կիրառվել այս պարագայում. «Եկեղեցու և աշխարհիկ աշխատողի միջև հարաբերությունները մի բան են, հոգևորականների փոխհարաբերությունները՝ բոլորովին այլ։ Եթե եկեղեցին՝ որպես գործատու, վեճ ունի հաշվապահի կամ այլ աշխարհիկ աշխատողի հետ, դա կարող է քննվել դատարանում։ Սակայն հոգևորականների կանոնական կամ ներքին կազմակերպչական հարցերը դուրս են իրավական վերահսկողության տիրույթից»,–հավելեց Զոհրաբյանը։

Նա նաև ընդգծեց, որ եթե Ամենայն հայոց կաթողիկոսն է ստեղծել թեմը և նշանակել թեմակալ առաջնորդին, ապա տրամաբանական է, որ նա նաև ունի ազատելու լիազորություն։ Փաստաբանը այս դատական գործընթացը դիտարկում է եկեղեցու դեմ իրականացվող քաղաքական ճնշումների համատեքստում։

Փաստաբան Մարինե Ֆարմանյանն էլ աշխատանքային գործունեության 20 տարվա ընթացքում նման դատական վեճ չի հանդիպել, քանի որ դատավարական առումով նման գործ չի կարող լինել։

«Պետությունը չի կարող միջամտել եկեղեցու ներքին գործերին, իսկ եկեղեցու ներքին գործն է որոշել, թե որ թեմում որ առաջնորդը պիտի պաշտոնավարի, ով պետք է քահանա կամ եպիսկոպոս լինի և ով պիտի կարգալույծ արվի։ Սրանք սովորական Աշխատանքային օրենսգրքով նախատեսված հարաբերություններ չեն, որ վիճարկման ենթակա լինեն դատարանում։ Այդ աբսուրդ տրամաբանությամբ կարող ենք Վեհափառ հայրապետի որոշումները տանել Վարչական դատարանում վիճարկել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ֆարմանյանը։

Նրա խոսքով՝ գործը մակագրվել է դատավոր Էդգար Հովհաննիսյանին, որը նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ է։

«Ես գիտեմ, որ շատ մեծ քաղաքական ճնշում կա։ Քաղաքական օրակարգում իշխանություններն առավոտից մինչև երեկո եկեղեցու դեմ արշավանքով են զբաղված։ Բայց իրավաբանները, մասնավորապես՝ դատավորները, պետք է ողջամտություն ունենան Սահմանադրությունը չխախտելու և եկեղեցու գործերին չմիջամտելու հարցում»,– ընդգծեց Ֆարմանյանը։

Փաստաբանը հույս ունի, որ դատարանն այս հայցը պարզապես կմերժի։

Sputnik Արմենիա