Логотип

Փաստաբան․ Դավիթի համար վերջին զանգ չի լինելու, ո՞ւմ խղճին է սա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդությունը, որը ներկայացվել է դատարան, պաշտպանական թիմի կողմից ուղղակի ջախջախվել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արմեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Սուրբ Աննա եկեղեցու միջադեպին և այդ գործով քիչ առաջ 2 ամսով 18–ամյա Դավիթ Մինասյանի կալանավորմանը։

«Գտնում են, որ 12-րդ դասարանի աշակերտը պիտի կալանքի տակ գտնվի, բայց մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մարդիկ կարող են վարչական հսկողության կամ տնային կալանքի տակ գտնվել։ Դատարանը ոչ մի բան հաշվի չառավ։ Այս հոդվածը նախատեսում է 2-5 տարի։ Ոչ մի հիմնավորում չկա, հիմնավորումը հիմա մի բան էր, պիտի կալանավորեին, թե չկալանավորեին կամ կիրառեին այլընտրանքային խափանման միջոցներ։ Դատարանը գտավ, որ միայն կալանավորումն է ի զորու ապահովել մեր պաշտպանյալի իրավաչափ վարքագիծը, որը ըստ ինձ աբսուրդ է ուղղակի։

Սրան նախորդել էր այն, որ առավոտ շուտ նաև խուզարկության էին նորից մտել Մինասյանների բնակարան։ Ոչինչ էլ չեն հայտնաբերել։

Երբ որոշումը ստանամ, կկարդամ, կտեսնեմ, թե ինչ մտքի գոհարներ կան այնտեղ շարադրված»,–ասաց նա՝ հավելելով, որ անպայման բողոքարկելու ենք այս որոշումը։

Փաստաբանը նկատեց, որ Դավիթին հրել են, գցել են գետին, ընկել է. «Տեսանյութում երևում է, որ անգամ ծնոտը ցավում է։ Այս մեղադրանքներն իրականության հետ աղերս չունի, մենք հիմա մի պրոցեսի մեջ ենք, որը ըստ ինձ շատ վատ է և սա լավ տեղ չի տանելու մեր երկրին ու բոլորիս։

Դավիթին այսօր զրկեցին դպրոցն ավարտելու հնարավորությունից, երկու ամիս հետո վերջին զանգն է լինելու բոլորի համար, Դավիթի համար չի լինելու։ Ո՞ւմ խղճին է մնացել սա։ Չունեմ ասելու բան»։

Նա նաև տեղեկացրեց, որ վարչապետի թիկնազորից երկու մարդ հարցաքննվել է և տեղի ունեցած մասին նորմալ ցուցմունք են տվել։

Հարցին՝ Դավիթին հարվածող թիկնապահի նկատմամբ բողոք չե՞ն ներկայացնելու, նա պատասխանեց. «Ես հիմա չեմ ուզում մեր մարտավարությունը բացեմ, ամեն ինչ արվելու է, հավաքվել ենք մեր ընկերներով և ամեն ինչ անելու ենք այս անարդարության դեմ պայքարելու համար»,– ընդգծեց Արմեն Մել;քոնյանը՝ հավելելով, որ Դավիթին տեղափոխում են «Արմավիր» ՔԿՀ։

Նշենք, որ քիչ առաջ Սուրբ Աննա եկեղեցու բակում միջադեպի մասնակից 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց։ Այս լուրն իմանալուց հետո երկվորյակների մայրը՝ Գայանե Մինասյանի ինքնազգացողությունը վատացավ։ Նա անդադար լալիս էր։

Երեկ նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։

Նույն գործող անցնող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ է արձակվել 5 մլն գրավի դիմաց։

News.am