Логотип

ՓԱՍՏԱԲԱՆ․ ԿԱ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏ, ՈՐՈՎ ՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է՝ ԱՐՑԱԽԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀՐԱՄԱՆԱԳԻՐՆ ԱՌ ՈՉԻՆՉ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կայացվել է հայցը մերժելու վերաբերյալ վճիռ, սակայն դատարանը կատարել է մի քանի կարևոր արձանագրում»,- ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանի պաշտպան Ռոման Երիցյանը՝ խոսելով Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանի՝ Շահրամանյանի հայցն ընդդեմ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի պատմության 9-րդ դասարանի գրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի գործով կայացրած վճռի մասին։

Հիշեցնենք՝ 2025 թ.սեպտեմբերին Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել էր, որ Արցախի նախագահի անունից ՀՀ ԿԳՄՍ նախարարության և 9-րդ դասարանի Հայաստանի պատմություն դասագրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի դեմ ներկայացվել է հայց ու հայցի ապահովման

միջնորդություն՝ նշելով, որ «Հայաստանի պատմություն» 9-րդ դասարանի դասագրքում տեղ գտած տեղեկությունը, համաձայն որի Արցախի նախագահը ստորագրել է Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիր, չի համապատասխանում իրականությանը։

Ռ.Երիցյանը նշեց, որ դատարանն արձանագրել է ամենակարևոր փաստը. «Ուժի գործադրման կամ գործադրման անմիջական սպառնալիքի ազդեցության տակ որևէ փաստաթղթի ստորագրումը ինքնին որևէ իրավական ուժով օժտված լինել չի կարող, առոչինչ է ստորագրման պահից, ինչը բխում է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներից»։

«Առաջին կարևոր հանգամանքը՝ դատարանն արձանագրել է, որ նշված հրամանագիրը կայացվել է ուժի գործադրման կամ գործադրման անմիջական սպառնալիքի ներքո։

Այսինքն, դատարանն անվերապահորեն արձանագրել է, որ նշված հրամանագիրը կայացվել է ուժի կամ ուժի գործադրման սպառնալիքի տակ»,- ասաց Երիցյանը։

Ըստ նրա, դատարանը հստակ արձանագրել է, որ հայցվորի պատիվն ու արժանապատվությունը չնայած նշվածով չի արատավորվում, այնուամենայնիվ, դասագրքում տեղ գտած տեղեկություններն ոչ ամբողջական են, նշել է, որ հայցվորի մտահոգությունները տեղին են, իրավաչափ։

«Այսպես ասած՝ դատարանը կրթության նախարարության ուշադրությունն է հրավիրել այս հանգամանքների վրա, կարելի է ասել, առաջարկել է տեղեկությունների ամբողջական ներմուծում դասագրքի մեջ»,- ասաց փաստաբանը։

Ռոմեն Երցյանը կարևորեց նաև դատարանի մեկ այլ արձանագրում. «Դատարանն արձանագրել է, այսինքն մենք ունենք Հայաստանի արդարադատությունն իրականացնող մարմնի կողմից կայացված դատական ակտ, որով հաստատվում է՝ Արցախի նախագահի կողմից այսպես ասած, կայացված Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիրն առ ոչինչ է։ Դատարանը հստակ արձանագրել է՝ անվավեր է հենց կայացման պահից»։

«Հասե՞լ ենք արդարության, թե՞ ոչ։ Կարելի է արձանագրել, որ որոշակիորեն արդարության հասել ենք, որովհետև դատարանն արձանագրում է՝ նախ հրամանագրով տեղ գտած տեղեկություններն իրականությանը ոչ լրիվ համապատասխանելու վերաբերյալ հանգամանքը, նշում, որ տեղեկությունները պետք է համալրվեն, դատարանն արձանագրում է, որ նման հրամանագիրն առ ոչինչ է, այն կայացվել է ուժի կամ ուժի գործադրման անմիջական սպառանալիքի ազդեցության տակ։

Հայցը մերժելով ասել, որ Սամվել Շահրամանյանը պարտություն է կրել այս գործով՝ ճիշտ չէ, ճիշտ հակառակը՝ հասել է նրան, ինչ փաստացի ցանկացել է, հասել ենք նրա, որ այդ հրամանագիրը դատական ակտով համարվել է առ ոչիչն, արձանագրվել է տեղեկությունների ոչ ամբողջական ու ճշգրիտ լինելը»,- ասաց Ռոման Երիցյանը։

Նա նշեց, որ սպասելու են վճիռն օրինական ուժի մտնի, որից հետո դիմում են ուղղելու ԿԳՄՍ նախարարություն, խնդրելու ուշադրության առարկա դարձնել այն հանգամանքը, ինչ արձանագրվել է դատարանի կողմից, օրինակ, դասագրքում մտցնել ամբողջական տեղեկություն, այսինքն նշվում է՝ կայացվել է Արցախը լուծարելու հրամանագիր, ավելացնել, թե ինչպես է դա կայացվել, նշելու շարժառիթները։

Panorama.am