Логотип

Փաստաբան․ ՀԱԵ և հոգևորականների շահերի պաշտպանության համար ներկայացվել են հաղորդումներ և դիմում

Հայ Առաքելական եկեղեցու և հոգևորականների շահերի պաշտպանության նկատառումներով ներկայացվել է երկու հաղորդում և դիմում, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Նա մանրամասնել է, որ հաղորդում են ներկայացվել հանցագործության մասին՝ կապված Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հեռախոսային խոսակցության գաղտնիությունը խախտելու և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Հովհաննավանքի նախկին հոգևոր հովիվ Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ:

Փաստաբանը նշել է՝ հնարավոր է նաև, որ Նաթան սրբազանի խոսակցությունները մոնտաժված և փոփոխված լինեն, բայց ինքնին գաղտնիության խախտման փաստը խնդրահարույց է:

Փաստաբանը շեշտել է, որ Ասատրյանը և Փաշինյանն իրականացնում են ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածով արգելված արարքի (կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելը) նախապատրաստություն, որը համարվում է չավարտված հանցագործություն:

Զոհրաբյանը նաև դիմել է ՆԳՆ ոստիկանությանը՝ ներխուժումը կանխելու վերաբերյալ: Պահանջվել է Հովհաննավանքի եկեղեցու՝ ատյանից, խորանից, ավանդատներից և այնպիսի վայրերից, որոնք նախատեսված են բացառաբար եկեղեցու սպասավորների համար, վտարել Ասատրյանին:

Հոկտեմբերի 17-ին տարածվել էր ձայնագրություն, որում, ենթադրաբար, Նաթան արքեպիսկոպոսի և նախկին հոգևորական Աղան աբեղա Երնջակյանի միջև զրույցն է։ Մայր Աթոռից հրապարակված ձայնագրության մասին շեշտել էին, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին «վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ»։

Կարգալույծ հռչակված Ասատրյանը հոկտեմբերի 21-ին հայտարարել էր, որ հոկտեմբերի 26-ին Հովաննավանքում պատրաստվում է պատարագ մատուցել։ Նույն օրը Փաշինյանը տեղեկցրել էր, որ մասնակցելու է պատարագին։՛

Armenia Today