Հակասահմանադրական ճանաչված հոդվածով քրեական գործը իրավական աբսուրդի օրինակ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո։ Հիշեցնենք, որ բացի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից, մեղադրյալի կարգավիճակում են նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
«Մենք այսուհետ գտնվում ենք օրինականության շրջանակներից դուրս։ Սա իրավական և իրավաբանական գործընթաց չէ»,- ընդգծել է Վարդևանյանը։ Նա նշել է, որ այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական է ճանաչել՝ գործը պետք է ավարտվեր։ «Բայց մենք գործ ունենք մեռած գործը վերակենդանացնելու փորձերի հետ։ Սա իրավաբանական աբսուրդի ինչ-որ նոր նշաձող է»,- հավելել է իրավաբանը։
Նա հիշեցրել է, որ գլխավոր դատախազն արդեն տվել էր նախնական գնահատականներ: Բացի այդ, չնայած դատարանը դեռ չի որոշել՝ մեղադրանքը վերաորակավորվելու է, թե ոչ, գլխավոր դատախազությունը նույն գործով քաղաքացիական հայց է ներկայացրել՝ պահանջելով արդեն փոխհատուցվածի համար փոխհատուցում:
Հիշեցնենք, որ աղմկահարույց գործով անցնող անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր ՍԴ-ի որոշումից հետո, որը հակասահմանադրական է ճանաչել մեղադրանքի հոդվածը։ Որոշումը բողոքարկվել է, գործը փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան, սակայն քննչական մարմինը, ժամանակը բաց թողնելով, արարքը չի վերաորակավորել, ինչի արդյունքում դատարանն այժմ քննում է դատախազության միջնորդությունը՝ մեղադրանք ներկայացնելու մասին։ Այս հանգամանքը փաստաբանները բազմիցս անվանել են իրավական աբսուրդ. կա գործ և «մեղադրյալներ», բայց փաստացի դեռևս չկա բուն մեղադրանքը։
News.am