Логотип

Փաստաբան․ Ղուկասյանի նկատմամբ իրականացվում է աննախադեպ բռնաճնշում

Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քաղաքական շարժառիթներով իրականացվում է աննախադեպ բռնաճնշում, որի առաջնային և հրամայական թիրախը ընտրվել են նրա կյանքն ու առողջությունը: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը և հանցագործության մասին հաղորդում ներկայացրել։

«Քաղաքական հալածանքը չի սահմանափակվել միայն նրանով, որ Գյումրին և գյումրեցիները զրկվել են իրենց կողմից օրինական կարգով ընտրված քաղաքապետի ղեկավարումից։ Ներկայումս հետևողականորեն իրականացվում են գործողություններ, որոնք հասնում են անմարդկային վերաբերմունքի և խոշտանգման շեմին՝ նպատակ ունենալով պարոն Վարդան Ղուկասյանին դուրս մղել քաղաքական և հանրային կյանքից։ Այդ գործողություններով գործնականում իրագործվում է 2025 թվականի հոկտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված հայտարարություն-կոչի այն հատվածը, որը միտված էր Վարդան Ղուկասյանին հանրային կյանքից զրկելուն։

Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունները և դրանց հաջորդած իրավապահ մարմինների գործողությունները հստակ վկայում են, որ պարոն Վարդան Ղուկասյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, ձերբակալությունը և կալանքը պայմանավորված են քաղաքական դրդապատճառներով և չեն բխում արդարադատության իրական նպատակներից։ Ավելին, նրա կյանքի և առողջության համար լուրջ վտանգ ներկայացնող ծանր հիվանդությունների առկայության պայմաններում բժշկական օգնություն չտրամադրելը, ինչպես նաև ամիսներ շարունակ նեղ, փոքր և հակահիգիենիկ խցում պահելը ուղղակիորեն փաստում են, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարություն-կոչի՝ Վարդան Ղուկասյանին հանրային կյանքից զրկելու փուլը, աներկբա իրականացվում է։

Չնայած Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ մտահոգիչ տեղեկությունները հասանելի են նրան կալանքի տակ պահող պետական պաշտոնյաներին, վերջիններս անտեսել են բժիշկների ցուցումները և շարունակում են նրան մերժել անհրաժեշտ բժշկական օգնությունը՝ շարունակելով պահել նրան բանտախցում»,- ասված է հայտարարությունում։

Alpha News