Երևանի «Դալմա մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում հանրային գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրած անձանց նկատմամբ բանտային կալանք չի կիրառվել, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նրա տեղեկություններով՝ 5 անձից միայն 3-ի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել։
«Ո՞նց է լինում, որ «մեր ձևով» ասելու համար մարդիկ կալանավորվում են, ո՞նց է լինում, որ 8 տարի առաջվա խիստ կասկածելի պատմության համար արքեպիսկոպոս է կալանավորվում, ո՞նց է լինում, որ 3-4 տարի առաջ ասած կարծիքի համար Միքայել սրբազանն է կալանավորվում, բայց օրը ցերեկով մարդու վրա մասկաներով հարձակված մարդկանց չեն կալանավորում»,- նշել է Մելիքյանը։
Նա հավելել է, որ Հակոբյանի վնասվածքը փորձագետի կողմից որակվել է որպես «թեթև մարմնական վնասվածք»։
«Մենակ քթի կոտրվածքը, էլ չեմ խոսում ուղեղի ցնցման մասին, չի կարող լինել թեթև մարմնական վնասվածք, այն պարունակում է միջին մարմնական վնասվածքի հատկանիշ»,- ասել է փաստաբանը։
Դեկտեմբերի 8-ին ՆԳՆ-ն ահազանգ էր ստացել բժշկական կենտրոնից Հակոբյանի՝ ծեծի հետևանքով ստացած վնասվածքներով իրենց մոտ տեղափոխվելու մասին։ Քննչական կոմիտեում դեպքի առթիվ վարույթ էր նախաձեռնվել: ՆԳՆ-ն հայտնել էր Հակոբյանին ծեծի ենթարկելու մեջ կասկածվող 4 անձի ձերբակալելու մասին։ ՔԿ-ն գործով անցնող 5 անձի նկատմամբ քրեական վարույթ էր հարուցել։
Armenia Today
