Логотип

Փաստաբան․ Վարդան Ղուկասյանը չի ընդունում մեղադրանքը, նկարագրվածն իր օրոք չի եղել

Գյումրու ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի ընդունում իրեն առաջադրված կաշառքի մեղադրանքը, նկարագրվածի մեծ մասն իր պաշտոնավարման օրոք չի եղել, Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

«Նկարագրության մեծ մասը վերաբերում է 2024 թվականի դեկտեմբեր, 2025 թվականի փետրվար ամիսներին։ Ո՛չ 2024 թվականի դեկտեմբերին, ոչ էլ 2025 թվականի փետրվարին Ղուկասյանը համայնքի ղեկավար չէր։ ՔՊ-ի թկնածուին կամ պաշտոնակատարին հարցրեք՝ ինչու՞ են նման բաներ տեղի ունեցել։ 6-7 դրվագից միայն մեկն է վերաբերում Ղուկասյանի պաշտոնավարման ընթացքին»,- ասաց Արամայիս Հայրապետյանը՝ հավելելով, որ Ղուկասյանը հերքում է նաև տարածված ձայնագրությունների իսկությունը։

Նշենք, որ մինչ փաստաբանի ժամանելը շտապօգնության մեքենա եկավ Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի մոտ, բժիշկները մտան շենք։ Փաստաբանը հստակ տեղեկություն չուներ, բայց չբացառեց, որ շտապօգնությունը Վարդան Ղուկասյանի համար է եկել, քանի որ նրա ինքնազգացողությունն առավոտյան լավ չէր։

Aysor.am