Логотип

ՓԱՍՏԱԲԱՆ․ ՎԻԳԵՆ ԷՈՒԼՋԵՔՋՅԱՆԸ ԼՈՒՐՋ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ

Ադրբեջանում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքջյանը տառապում է լուրջ առողջական խնդիրներով, այդ թվում՝ ֆիզիկական և հոգեբանական, որոնք սրվում են բազմիցս հացադուլների դիմելու և խնամքի անբավարար հասանելիության պատճառով: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց արգենտինաբնակ միջազգային իրավաբան Լուչիանա Մինասյանը՝ անդրադառնալով Բաքվի բանտում արդեն ավելի քան 20 օր հացադուլ անող Վիգենի առողջական վիճակին։ 

«Մասնագիտացված հոգեբուժական և կլինիկական աջակցության բացակայությունը նրան դնում է չափազանց խոցելի իրավիճակում։ Քանի որ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն ստիպված է եղել դադարեցնել գործունեությունն Ադրբեջանում՝ հուսալի կապի և անկախ մոնիթորինգի պահպանումը շատ ավելի դժվար է դարձել: Այժմ մենք աշխատում ենք բանտարկյալներին տրամադրվող մարդասիրական օգնությունը բարելավելու ուղիների վրա»,-ասաց փաստաբանը:

Անդրադառնալով Էուլջեքջյանը դատավճռի բողոքարկմանը՝ նա նշեց, որ այժմ ուսումնասիրում են դրա իրավական հիմքերը՝ կենտրոնանալով պատշաճ դատավարության և միջազգային արդար դատավարության չափանիշների խախտումների վրա: «Միևնույն ժամանակ, հաշվի առնելով նրա առողջությանը սպառնացող լուրջ վտանգը բազմիցս հացադուլներից հետո, մենք շտապ դիմում ենք իշխանություններին՝ ապահովելու նրա անհապաղ բժշկական օգնությունը, ինչպես ներպետական օրենսդրության, այնպես էլ միջազգային մարդու իրավունքների պարտավորությունների համաձայն: Դժբախտաբար, նրա 2021 թվականի դատավարությունը կեղծ, կամայական և անօրինական էր: Մեր տեղեկությամբ՝ նա բողոքարկում չի ստացել Ադրբեջանի իշխանություններից, քանի որ նրանք չեն սպառել գործի դատական վարույթը»:

Լուչիանա Մինասյանը նաև հայտնեց, որ իրենք խնդրի վերաբերյալ նամակներ են ուղղել նախագահ Դոնալդ Թրամփին, Արգենտնայի նախագահ Խավիեր Միլեյին, ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին, Ադրբեջանի փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևային։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսի 14-ին Բաքվի դատարանը Վիգեն Էուլջեքչյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման:

Նա գերեվարվել է 2020թ. նոյեմբերի 9-ին հրադադարի մասին հայտարարությունից 1 օր անց, Շուշիի մոտակայքում, մեկ այլ լիբանանցու՝ Մարալ Նաջարյանի հետ: Գնացել էին Արցախ, որպեսզի Շուշիի հյուրանոցից մեկից վերցնեին Նաջարյանի իրերը։ Նրանք ձերբակալվել են ադրբեջանցի զինվորականների կողմից և տեղափոխվել Բաքու՝ բազմաթիվ այլ հայ, քաղաքացիական և ռազմական բանտարկյալների հետ:

Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել 2021 թվականի մարտին:

«Փաստինֆո»