Логотип

Փաստաբան․ «Տաշիր կապիտալի» անունից ՀԾԿՀ-ին դիմում ենք ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հենց նոր դիմում մուտքագրեցինք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, ինչպես գիտեք, հունիսի 6–ին ևս մեկ անգամ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից դիմում էր ներկայացվել սակագնի վերանայման համար, առավել կոնկրետ սակագնի իջեցման հետ կապված՝ 3.6 միլիարդ դրամի դրական տարբերությունը հաշվի առնելով, որը սակայն հանձնաժողովը մերժել էր։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Տաշիր կապիտալի» փաստաբանական խմբի ներկայացուցիչներից Վարդան Ալոյանը։

«Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովը նախորդ անգամ դիմումը մերժել էր, պատճառաբանելով, որ քանի որ որպես հիմք ընդունված է 6 ամսվա կտրվածքով կատարված հաշվարկը, կա ռիսկ, որ հակառակ էֆեկտը կարող է ունենալ, կարող է մեկ տարվա կտրվածքով գումարի չափը ոչ թե դրական լինի, այլ բացասական և արդյունքում անհրաժեշտություն լինի մի բան էլ սակագինը բարձրացնելու։

Հիմա նորից դիմումը ներկայացրեցինք, արդեն ներկայացնելով գրեթե մեկ տարվա հաշվարկը՝ հիմք ընդունելով, որ արդեն իսկ կազմում է 6 միլիարդից ավել գումար։ Այսինքն նախորդ 3.6 միլիարդը մի բանն էլ մեր կանխատեսումների համաձայն, ավելացել, հասել է 6 միլիարդի։ Կրկին խնդրեցինք վերանայել սակագինը և իջեցնել այն։

Այստեղ շատ կարևոր հանգամանք է, որ դիմումը ներկայացրել ենք և Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի անունից, և ընկերության բաժնետեր «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի անունից, և ընկերության տնօրենների խորհրդի անունից։ Այսինքն հնարավոր բոլոր անձանց անունից նույն դիմումը ներկայացրել ենք, որպեսզի անգամ տեխնիկական վերադարձի կամ չքննարկման հարց չունենանք»,–ասաց նա։

Ըստ փաստաբանի, դիմումը մուտք է եղել, հիմա հույս ունեն, որ դիմումը կքննեն, սակագինը կիջեցնեն, բնակչության բեռն էլ որոշակի չափով կթեթևանա։

Անդրադառնալով տարածվող տեղեկություններին, որ մինչև ընտրություններ՝ մարտ–ապրիլին, իշխանությունը պատրաստվում է սակագինը նվազեցնել, իսկ ձմռանը արդեն կրկնակի բարձրացրել, փաստաբանն ասաց. «Ես, որպես փաստաբան, այդ հարցին ես չեմ կարող պատասխանել, ես մասնագիտական դաշտում եմ միայն գործունեություն ծավալում։ Թե քաղաքական տեսակետից, քաղաքական դիվիդենտներ ունենալու համար մարդիկ ինչ գործողություններ են անում, ժողովրդին ցույց տալու, որ սակագին ենք իջեցնում, դրանց վերաբերյալ ես գնահատականներ չեմ կարող տալ»։

News.am