Логотип

Փաստաբան․ Տեր Նարեկի և Տեր Սարգիսի գտնվելու վայրը ևս չգիտենք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մենք ունենք բերման ենթարկվածներ, որոնց մի մասի գտնվելու վայրը անհայտ է և դա նույնպես հանցագործություն է, այդ ենթադրյալ հանցագործության շրջանակներում, ՄԻՊ–ը գոնե մոնիտորինգ անելու և եզրակացություն կազմելու պարտականություն ունի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15–ին, ՔԿ–ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։

Նշենք, որ փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել Քննչական կոմիտեի շենք։

Նրա խոսքով, բացի Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանից, ևս երկու հոգևորականի գտնվելու վայրը հայտնի չէ՝ տեր Նարեկ քահանա Սարգսյանի և տեր Սարգիս քահանա Սարգսյանի։

«Ընդհանուր թիվը 9 է, 6–ը ներսում են։ Ըստ մեր տեղեկությունների՝ Տեր Համբարձում Դանիելյանին բերում են էլի այստեղ, դրա համար միանգամից գրել ենք, որ հենց բերեն իր շահերի պաշտպանությունը ստանձնենք։ Մենք Մայր Աթոռից ինչ ինֆորմացիա ստանում ենք եկեղեցականների խուզարկության կամ բերման ենթարկելու, կամ անհետացման մասին, միջոցներ ենք ձեռնարկում։ Յոթ հոգու շահերի պաշտպանության դիմումը էլեկտրոնային եղանակով մուտքագրվել է Քննչական կոմիտե, հիմա էլ ուզում ենք թղթային եղանակով մուտքագրել։

Այս պահին վեց հոգևորական գտնվում են ներսում, ըստ մեր նախնական տվյալների՝ վկայի կարգավիճակում, բայց երկար ժամանակ արգելափակված։ Բացի դրանից, Տեր Համբարձում Դանիելյանի մասով ինֆորմացիա ենք ստացել, որ բերվում է Քննչական կոմիտե։ Հիմա մենք այս յոթ հոգևորականների համար երեք փաստաբաններով դիմում ենք ներկայացրել։

Երկրորդը, ևս երկու հոգևորական Տեր Նարեկ քահանա Սարգսյանի և Տեր Սարգիս քահանա Սարգսյանի վերաբերյալ տեղեկություններ չկան, բայց իրենք տնից բերման են ենթարկվել և տեղ չեն հասցվեն։

Իսկ թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի խնդրի մասին առավոտվանից տեղյակ եք, որ ուղղակի անհետացել է պետության իրավազորությունից դուրս, օրենքի պաշտպանությունից դուրս իրավիճակում է փաստացի գտնվում։ Բոլորիցս թաքցվում է նրա գտնվելու վայրը։

Մենք տեղեկություն ունենք, որ Մկրտիչ Սրբազանին բերում են այստեղ, բայց բերում–բերում տեղ չեն հասնում։ Հիմա այդ պատճառների պատասխանը, ոչ թե մենք պիտի տանք փաստաբաններով, այլ մենք պիտի հարցնենք փաստաբաններով, թե ու՞ր է մեր վստահորդը»,– հայտարարեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քննչական վարչություն են տարվել 5 հոգևորական՝ Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև՝ մի շարք քաղաքացիական անձինք։

Իր հերթին Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Տեր Մկրտիչի գտնվելու վայրը հայտնի չէ, փորձում են պարզել, թե որտեղ է գտնվում նա։ Նաև հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են հոգևորականները քննչական տարվել։

Հիշեցնենք, որ երեկ գիշեր խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը, ապա նրան տեղափոխել են ՔԿ։ Արագածոտնի թեմի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է:

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը NEWS.am–ի հետ զրույցում նշել է, որ խուզարկության որոշումներից հասկանալի է դարձել, որ Տեր Արամի տված հարցազրույցի հիման վրա Դանիել Իոաննիսյանը հաղորդում է ներկայացրել՝ ստուգելու, թե արդյոք հավաքներին մասնակցելու հարկադրանք եղել է, թե ոչ։ Ըստ Փաստաբանի՝ հոգևորականներին հենց այս գործի շրջանակներում են բերման ենթարկել։