ՔԿ-ն փորձաքննության նշանակմամբ չի տվել կարևոր հարցը՝ Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրությունն իրական է, թե կեղծ։ Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պաշտպան Արսեն Բաբայանը։
«Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսագրության վերաբերյալ միջազգային փորձաքննության եզրակացություններ ստացվել են երեք պետություններից։ Կան այլ երկրներ ևս, որոնցից սպասում ենք փորձաքննության եզրակացություններ։ ՔԿ-ն շատ զարմանալի և տարօրինակ հայտարարություն արեց, թե իբրև Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներից դուրս նշանակված փորձաքննությունները ապացուցողական նշանակություն չունեն, դեռ մի բան էլ փորձեց նորից խոսել այն մասին, որ իրենց կողմից նշանակված կամ իրականացված փորձաքննությամբ հաստատվել է, որ տեսագրությունում պատկերված անձը Արշակ Սրբազանն է»,- նշեց Բաբայանը՝ տարակուսելով, որ տարօրինակ է, որ ՔԿ-ն չգիտի, որ Քրդատ օրենսգրքով փաստաբանը կարող է փորձաքննություն նշանակել, սակայն խնդիրն այն է, որ քրեական դատավարության շրջանակներում իրենք ոչինչ չեն ցանկանում ապացուցել․ որովհետև Արշակ Սրբազանը, թեև ունի վկայի կարգավիճակ, բայց փաստացի տուժողի կարգավիճակ ունի։ Փաստաբանը նկատեց, որ տեսագրությունում Արշակ Սրբազանը չէ, հետևաբար, իր անձնական կյանքի անձեռնմխելիությունը ոչ ոք չի խախտել, փոխարենը, Սրբազանը տուժել է այլ բանից՝ կեղծ տեսագրությունները ստեղծելով փորձել են արատավորել նրան, ատելություն սերմանել Արշակ Սրբազանի և Եկեղեցու նկատմամբ։
Ինչ վերաբերում է ՔԿ կողմից նշանակված փորձաքննությանը, ապա Քննչական կոմիտեի փորձաքննության մեջ միայն մեկ հարց է տրվել՝ տեսագրության մեջ Արշակ սրբազա՞նն է, բայց այդպես էլ հարց չի տրվել ` համապատասխանում է արդյոք տեսագրությունը իրականությանը, թե ոչ, կեղծիք է, թե ոչ։
«Մենք չենք ասում, որ Արշակ Սրբազանը գանգրահեր, բաց մաշկով երիտասարդ է, որը նմանություն չունի տեսագրության մեջ եղած անձի հետ, մենք այլ բան ենք ասում՝ տեսագրությունը կեղծված է։ Սրբազանի վերջին ասուլիսից հետո հենց խոսափողների վրա ԱԲ-ով տեսագրություն են ստեղծել՝ իբրև Սրբազանը օղի է խմում։ Այդ տեսանյութը հետո անհետացավ։ Հիմա, եթե այդ տեսագրությունը ներկայացվեր նույն փորձագետին, որը ՔԿ համար փորձաքննություն էր իրականացրել, կասեր՝ Արշակ Սրբազանը և այդ անձը նման անձինք են։ Ընդ որում, փորձագետը չի հաստատում, որ տեսագրության մեջ պատկերված անձը և Արշակ Սրբազանը նույն անձն է, ասում է՝ հավանաբար նույն անձն է, բայց ՔԿ-ն այդ «հավանաբարը» մոռանում է»,- ասաց Բաբայանը։
Ավելին, փորձաքննությունը նշանակելուց առաջ ՔԿ-ն անգամ չի էլ ծանոթացրել փորձաքննություն նշանակելու որոշմանը, թեև քրեական դատավարությամբ պարտավոր էին այդ մասին տեղեկացնել, որ հնարավորություն տրվեր նաև հարցեր ուղղվել։ Բաբայանն ընդգծեց, որ պարզ չէ, թե այդ փորձագետն ինչ կրթություն ունի։
«ՓաստԻնֆո»
