Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվեց 2 ամսով. որոշումը կայացրել է Երևանի առաջին ատյանի դատարանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը: Տեղեկությունը հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Կոչուբաևի խնամքին գտնվող անձանց, հազարավոր ուսանողների, հարյուրավոր վստահորդների և գիտական աշխատանքների ճակատագրերը դատավոր Մասիս Մելքոնյանին չեն հետաքրքրում։ Ընդամենը մեկ ժամով առանձին սենյակ հեռանալուց հետո դատավորը վերադարձավ միջնորդությունը բավարարելու, երկամսյա կալանք նշանակելու և տեսակցություններն արգելելու որոշմամբ։ Թվով 24 պաշտպանների ելույթներն ու հարցերը վերջինիս մոտ գեթ մեկ հարց չառաջացրեց»,– գրել է Երիցյանը։
Նա ֆեյսբուքյան էջում հրապարակել է դատավորի որոշումը։
«Մեղադրյալ Ալեքսանդր Սերգեյի Կոչուբաևի նկատմամբ խափանման միջոց կիրառել կալանքը 2 ամիս ժամկետով` միաժամանակ սահմանափակելով վերջինիս` ալ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը` բացառությամբ պաշտպանների և մերձավոր ազգականների»,– ասված է փաստաթղթում։
Դատավորի որոշումը հատուկ վերանայման կարգով կարող է բողոքարկվել տասնօրյա ժամկետում։
Հիշեցնենք` իրավապահները Կոչուբաևին բերման էին ենթարկել հոկտեմբերի 16-ին Շենգավիթի դատարանից։ Ըստ տեղեկությունների` պատճառը նրա ֆեյսբուքյան կոշտ գրառումն է։
Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ):
Sputnik Արմենիա