Логотип

ՓԱՐԱՋԱՅԱՎՈՐ ՓՈԽԱԿԵՐՊՈՒԿՆԵՐ, ԿԱՄ՝ ԱՍՏԾՈ ԱՉՔՈՒՄ ՆՈՂԿԱԼԻ ԺՈՂՈՎԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ…

«Գոլոս»-ի մշտական ընթերցողները ամենայն մանրամասնությամբ գիտեն Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի սկանդալային պատմությունը, սակայն փողերի լվացման թեմայով հրապարակումների քանակով ռեկորդակիրը Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթն է, որտեղ նկարագրված էին օֆշորային ընկերության ստեղծմանը Կճոյանի մասնակցության բոլոր մանրամասները։ Խոսքը գործարար Փայլակ Հայրապետյանի սնանկացման պատմության մանրամասների մասին է։ Պաշտոնական մեղադրանքներ են ներկայացվել գործարար Աշոտ Սուքիասյանին, իրադարձությունների մասնակից է ճանաչվել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ըստ մեղադրանքի՝ «Սուքիասյանը բանկից ստացել է 3 մլրդ 664 մլն 175 հազար դրամ (9 մլն դոլար), ևս 361 մլն 500 հազար դրամ էլ՝ վարկի տեսքով։ Որպես երաշխավոր հանդես է եկել Հայրապետյանը»:

ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ ԷՐ ԱՖՐԻԿԱՅՈՒՄ ԶԲԱՂՎԵԼ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՄԲ, սակայն սնանկացավ, ինչի արդյունքում Հայրապետյանը զրկվեց իր ունեցվածքի գերակշիռ մասից։ 2023 թվականին Կճոյանին ներկայացվեցին նոր մեղադրանքներ, սակայն վերջին ամիսների իրադարձությունները լիովին մթագնում են ցանկացած էքսկուրս դեպի նրա սկանդալային անցյալ։ Նոյեմբերի 29-ին Փաշինյանի հետ հանդիպումից հետո մի քանի արքեպիսկոպոսներ հանդես եկան Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջով: Դեկտեմբերի 17-ին 10 արքեպիսկոպոսները հնչեցրին կոչը, իսկ դեկտեմբերի 18-ին հաջորդեցին ոչ միայն ամբողջ երկրին, այլև նրա սահմաններից դուրս հայտնի իրադարձությունները Սուրբ Էջմիածնի տարածքում։

Առաջինը Փաշինյանի կողմն անցավ արքեպիսկոպոս Կճոյանը, որը, հիշեցնեմ, 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո բանադրանքի էր ենթարկել բոլոր նրանց, ովքեր համարձակվել էին դեմ գնալ հանրապետականների իշխանությանը։ Այսօր մերկացուցիչ անթիվ հրապարակումների այդ հերոսը Աստծու աչքում նողկալի հավաքի (Փաշինյանի գլխավորած) առանցքային մասնակիցներից մեկն է։ Այսօր Կճոյանը (Փաշինյանի թերթի հրապարակումներում՝ «Բենթլի Սամոն») մեկն է նրանցից, ում ձեռքերով Փաշինյանը ծրագրում է հասնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին կարգալույծ անելու գերխնդրին։ Կճոյանը, ըստ մի շարք տեղեկությունների, մտադիր է առաջնորդել Կաթողիկոսի հրաժարականի պահանջով հոգևորականների երթը դեպի Սուրբ Էջմիածին: Երթը կգլխավորեն 10 արքեպիսկոպոսները, նրանց հետևից կքայլեն գլխավորապես իրենց թեմերի քահանաները…

Այլ կերպ չէր էլ կարող լինել, չեն կարող օրինապաշտ մարդիկ, որոնց սրտում Աստված է, ստորագրել սատանայական ծրագրի տակ։ Զազրելի նախաձեռնության 10 մասնակիցների թվում է նաև Արցախի եկեղեցական թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Նոյեմբերի 29-ին նա ստորագրել է Կաթողիկոսի հրաժարականի պահանջով հիշյալ հայտարարությունը։

Ինչպե՞ս կարող էր նա միանալ Արցախը հանձնած մարդուն։ Լրատվամիջոցներն ասում են, որ եպիսկոպոսին շանտաժի են ենթարկել ՊՆ-ի հատկացրած բնակարանը խլելու սպառնալիքով: Աբրահամյանը երբեք առանձնահատուկ խիզախությամբ աչքի չի ընկել, բայց նույնիսկ այդ հանգամանքը հաշվի առնելով՝ Փաշինյանի կողմնակիցների ճամբար նրա անցնելը բացատրում են ոչ միայն բնակարանից զրկվելու վախով։ Արցախցիները հիշում են, որ 1989-1994թթ. Ամարասի եկեղեցական թեմի առաջնորդ Տեր Վրթանեսը լքել էր իր հոտը մարտական իրադարձությունների թեժ պահին:

Այդ մասին լրատվամիջոցներին հայտնի է դարձել Ամարասի մերձակա Ձորակ գյուղի բնակիչների խոսքերից, որոնք պատմել են ոչ միայն մարտական գործողությունների թեժ պահին եպիսկոպոսի փախուստի մասին, այլև որ Աբրահամյանն իր հետ տարել է եկեղեցական արժեքավոր իրեր: Ամարասի ազատագրումից հետո նա երկար ժամանակ չէր վերադառնում, իսկ հայրենակիցները նրան հորդորում էին վերադարձնել արծաթե խաչը, խնկամանը և այլն: Չի բացառվում, որ եպիսկոպոսին շանտաժի են ենթարկել եկեղեցական պարագաները գողանալու մեղադրանքով…

ՄԵՆՔ ԱՄԵՆԵՎԻՆ ՆՊԱՏԱԿ ՉՈՒՆԵՆՔ ԽԱՅՏԱՌԱԿԵԼ ԱՅՆ 10 ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻՆ, որոնք Փաշինյանի ճնշման տակ ստորագրել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջով թուղթը։ Նրանց դատելը մեր գործը չէ, մեր գործը փաստերն են, որոնք վկայում են, որ այդ պահանջն իրավաբանորեն իրավաչափ չէ։ Կաթողիկոսն ընտրվում է ցմահ, և նա ցանկություն չունի հրաժարվել իր կարգից։ Փաշինյանը ստեց ողջ երկրի առջև, թե իբր՝ մտադիր է իր նպատակին հասնել քրիստոնեական մեթոդներով՝ «բարությամբ և հանդուրժողականությամբ»։ Սուտը լիովին դրսևորվեց Կաթողիկոսի մերձավոր ազգականների ձերբակալությամբ։ Նրա քրոջ որդուն՝ Արագածոտնի հոգևոր առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին կալանավորեցին այն մտացածին մեղադրանքով, թե նա, իբր, հարկադրել է եկեղեցականներին մասնակցել ընդդիմության ակցիաներին։ Երկար ժամանակ ոչ մեկին, բացի մորից, թույլ չէին տալիս նրան տեսակցել։ Նույնիսկ խորհրդարանի պատգամավորներին թույլ չտվեցին։

Կաթողիկոսի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին և նրա որդուն ձերբակալեցին սուտ մատնությամբ, թե իբր նրանք խոչընդոտել են Վաղարշապատի ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորող Հարություն Մկրտչյանի քարոզչությանը: Կա տեսագրություն, որը վկայում է, որ Կաթողիկոսի հարազատների կողմից որևէ խոչընդոտում չի եղել քարոզչությանը, սակայն նրանց ձերբակալեցին։ Փաշինյանը Կաթողիկոսի հրաժարականին ձգտում է հասնել ամենաստոր ու ապօրինի մեթոդներով։ 10 արքեպիսկոպոսները դարձան նրա հանցակիցներ, ընդ որում համառ լուրեր են շրջում, որ թղթի հրապարակային ստորագրումը, ինչը ամանորյա տոներից անմիջապես հետո ցույց տվեցին իշխանության բոլոր հեռուստաալիքներով, հարկադրված միջոցի բնույթ է կրել։ Փաշինյանը դիմել է դրան՝ վախենալով, որ 10-ից ոմանք կարող են զղջալ և վերադառնալ Կաթողիկոսի թևի տակ։

Նրա նոր մտահղացումը՝ այցելելու այն պատարագներ, որտեղ կհամաձայնեն չարտասանել Կաթողիկոսի անունը, կոչված է գերխնդրին հասնելու համար մոբիլիզացնել մարզպետներին։ Հենց տեղի ղեկավարության վրա է այսուհետ դրված զազրելի հավաքույթի շարքերը համալրելու առաքելությունը։ Ավելի վաղ, օրինակ, հայտնի դարձավ, որ Փաշինյանը շատ գոհ է Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանից այն բանի համար, որ նա մեծապես նպաստել է տեղի թեմի առաջնորդի վերակողմնորոշմանը։ Ասում են, որ հենց Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգի հավաքագրմամբ է սկսվել պառակտումը բարձրաստիճան հոգևորականների շարքերում։ Հունվարի 12-ին «Կենտրոն» հեռուստաընկերության ռեպորտաժում Գևորգը ստեց, թե Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վարկաբեկող տեսանյութն, իբր, շրջանառության մեջ է դրվել Կաթողիկոսի կողմից: Ընդ որում Գևորգը ցինիկ ժպտում էր՝ նայելով հեռուստախցիկին։ Այդպիսին էր նրա վրեժը Կաթողիկոսից՝ իրեն արքեպիսկոպոսի կարգից զրկելու համար։ Այս սուտը Գևորգը կրկնեց նաև Հանրային հեռուստաընկերության եթերում…

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԵՑ ՄԱՐԶՊԵՏԻ ԴԵՐԸ ՀՈԳԵՎՈՐ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՎԵՐԱԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ, իսկ ինքը՝ մարզպետը, հիշեցնեմ, «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանի որդին է։ Մինչ 2018-ին իշխանության զավթումը նա երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատում էր։ 2021թ. արտահերթ ընտրություններին Արսենյանների ընտանիքը Վայոց ձորում հյուրընկալել էր Սարգսյանին և նրա կուսակցությանը, իսկ ներկայիս մարզպետը, ըստ ԶԼՄ-ների տեղեկատվության, մասնակցել է քարոզչությանը «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին: Հիմա սպասարկում է Փաշինյանի շահերը…

Եվ էլի մի բան փարաջա հագած դասական փոխակերպուկի մասին. Մասյացոտն հոգևոր թեմի վերոնշյալ նախկին առաջնորդ Գևորգը բավական ամուր կապեր ուներ ՀՀԿ-ի հետ: Իր նշանակման համար նա պարտական է Մասիսի այժմ արդեն նախկին քաղաքապետ, ներկայումս քաղբանտարկյալ Դավիթ Համբարձումյանին, որի մասին ամենուր խոսում էր որպես իր ընկերոջ…

Ցուցանշական է, որ հունվարի 8-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին՝ Փաշինյանը հղում արեց օրենքին, թե իբր՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին (ձերբակալվել է դեկտեմբերի 5-ին) ներկայացված մեղադրանքները հաստատվել են փորձաքննությամբ։ Ասացեք, խնդրեմ, 7 տարի անց այդ ի՞նչ փորձաքննություն կարող էր հաստատել, թե հենց Խաչատրյանն է թմրանյութով փաթեթը գցել «Նոր Հայաստան, նոր Կաթողիկոս» շարժման մասնակիցներից մեկի գրպանը։

Խաչատրյանը հրաժարվել է միանալ աստվածուրացների հավաքին, չնայած ինչ-որ կասկածելի տեսանյութերի հրապարակմամբ իր հեղինակությունն արատավորելու Փաշինյանի բոլոր փորձերին։ Փաշինյանն անձամբ էր զբաղվում արքեպիսկոպոս Խաչատրյանի հալածանքով, սակայն նրան չվախեցրեցին ո՛չ տեսագրությունները, ո՛չ քեռու բնակարանի խուզարկությունները, որի կնոջ հետ, Փաշինյանի վարկածով, արքեպիսկոպոսը սիրային կապի մեջ է։ Հատկանշական է, որ համանման մեղադրանք ոչ միայն ներկայացված, այլև փաստերով հիմնավորված է 10 փոխակերպուկներից մեկի՝ Վազգեն Միրզախանյանի նկատմամբ, որը բռնվել է իր թեմի քահանաներից մեկի կնոջ հետ սեռական հարաբերությունների մեջ:

Փաշինյանի հղումն օրենքին, որը, իր ասելով, «գործում է ՀՀ ողջ տարածքում», ներառյալ եկեղեցական շինությունները, կոչված է արդարացնելու ԱԱԾ-ի և ՆԳՆ ոստիկանության պատժիչ գործողությունները: ՀՀ շարքային քաղաքացիների մոտ օրենքի այդ վկայակոչումը լոկ քմծիծաղ է առաջացնում։ ՀՀ օրենքները գործում են ՀՀ բնավ ոչ ամբողջ տարածքում, քանզի այդ տարածքի 240 քառ. կմ-ը բռնազավթված է, իսկ բռնազավթված տարածքում ՀՀ օրենքները չեն գործում:

Մնացած տարածքում եկեղեցական բոլոր ծխերում մշտական աշխատանք է տարվում հոգևորականների հավաքագրման ուղղությամբ՝ Փաշինյանի համախոհների շարքերը համալրելու համար։ Դեկտեմբերի 18-ի դեպքերից հետո 10 արքեպիսկոպոսների նողկալի ընկերախմբին միացել են բարձրագույն հոգևորականներից լոկ մի քանիսը, ուստի Փաշինյանը շեշտը դրել է հասարակ քահանաների վրա։ Հավաքագրումն ընթանում է ողջ թափով, մարդկանց շանտաժի են ենթարկում՝ պարտադրելով ստորագրել Կաթողիկոսի հրաժարականի պահանջով փաստաթուղթը…