Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանը կմնա կալանքի տակ։ Դատարանը բավարարել է Հարությունյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Ավելի վաղ երկարացվել էր նաև հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող Նարեկ Օհանյանի կալանավորման ժամկետը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։
Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: Սեպտեմբերի 28-ին ձերբակալվել է Գևորգ Հարությունյանը, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։
