Լուվրի թանգարանից զարդերի գողության գործով հինգ կասկածյալներ ձերբակալվել և կալանքի տակ են վերցվել Ֆրանսիայի մայրաքաղաքում, հաղորդում են BFM TV-ն և RTL ռադիոն: Փարիզի դատախազ Լոր Բեկկոն պարզաբանել է, որ կողոպուտի գլխավոր կասկածյալը ձերբակալվածների թվում է: Սակայն թանգարանից գողացված զարդերը, որոնց արժեքը մոտ 102 միլիոն դոլար է, խուզարկությունների ժամանակ չեն հայտնաբերվել:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 26-ին, ոստիկանությունը ձերբակալել էր երկու կասկածյալի, որոնցից մեկը փորձում էր փախչել երկրից: Տղամարդուն իրավապահ մարմինները կանգնեցրել էին Շառլ դը Գոլ օդանավակայանում, որտեղից նա պատրաստվում էր թռչել Ալժիր: Մյուս կասկածյալը պատրաստվում էր թռչել Մալի: Նրանցից մեկը նույնականացվել է հանցագործության վայրում թողնված ԴՆԹ-ի ապացույցների շնորհիվ:
Լուվրի կողոպուտը տեղի էր ունեցել հոկտեմբերի 19-ին. ամբողջ գործընթացը տևել էր մոտ յոթ րոպե: Այս ընթացքում հանցագործները, անվտանգության աշխատակիցների հագուստով, թանգարանից գողացել էին ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ թագավորական զարդեր:
Le Parisien թերթը հայտնել էր, որ կողոպտիչների գողացած զարդերի մեջ ներառված են եղել Նապոլեոնի և կայսրուհի Ժոզեֆինայի հավաքածուներից զարդեր՝ վզնոց, կրծքազարդ և թագ: Ընդհանուր առմամբ գողացվել է ինը իր: Այլ անհետացած զարդերի թվում էին կայսրուհի Մարի-Լուիզայի հավաքածուից զարդեր, թագուհի Մարի Ամալիայի և հոլանդացի թագուհի Հորտենս դը Բոհարնեի հավաքածուներից երեք իր և կայսրուհի Եվգենիայի հավաքածուից չորս իր։
Armenia Today
