Ժնևում անուղղակի բանակցությունների ընթացքում Իրանը և Միացյալ Նահանգները փոխանակել են իրանական միջուկային ծրագրի շուրջ առկա տարաձայնությունները լուծելու գործնական առաջարկներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի գրառման մեջ նշել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Իրանը հանձնառու է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։ Վերջին բանակցությունները ներառել են գործնական առաջարկների փոխանակումներ և տվել են հուսադրող ազդանշաններ։ Սակայն մենք շարունակում ենք ուշի ուշով հետևել ԱՄՆ-ի գործողություններին և ձեռնարկել ենք բոլոր անհրաժեշտ միջոցները հնարավոր ցանկացած սցենարի համար»,- նշել է նախագահը։
ԱՄՆ-ն և Իրանն Օմանի միջնորդությամբ այս տարի արդեն անցկացրել են անուղղակի բանակցությունների երկու փուլ։ Փետրվարի 17-ին Ժնևում տեղի ունեցած երկրորդ փուլից հետո երկու կողմերն էլ հայտարարել են, որ առաջընթաց է գրանցվել։
Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին հաստատել է, որ Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել Ժնևում փետրվարի 26-ին։
