Логотип

Փեզեշքիան․ Եթե Թեհրանում նոյեմբերին անձրև չգա, հարկ կլինի տարհանում իրականացնել

Իրանի մայրաքաղաքում ջրային ճգնաժամը խորանում է անձրևների բացակայության պատճառով, եթե մինչև նոյեմբերի երրորդ տասնօրյակը անձրև չգա, հարկ կլինի տարհանում իրականացնել։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

Թեհրան նահանգի ջրատար ընկերության գլխավոր տնօրեն Բեհզադ Փարսան նոյեմբերի 2-ին նախազգուշացրել էր, որ Ամիր Քաբիրի ջրամբարում՝ Իրանի մայրաքաղաքը խմելու ջրով ապահովող հինգ հիմնական ջրամբարներից մեկում, ջրի պաշարները կբավականացնեն երկու շաբաթից էլ քիչ:

«Եթե անձրև չգա, Ազար ամսին (սկսվում է նոյեմբերի 22-ին) մենք պետք է սահմանափակումներ մտցնենք Թեհրանում (ջրի օգտագործման համար՝ խմբ․), ընդ որում ՝ հայտնի չէ, թե արդյոք սահմանափակումների սահմանումը դրական ազդեցություն կունենա, եթե էլի անձրև չգա, մենք ընդհանրապես ջուր չենք ունենա, հարկ կլինի տարհանել Թեհրանը»,-Jamaran գործակալությունը մեջբերում է Իրանի նախագահի խոսքերը։

Ավելի վաղ Փեզեշքիանը հայտարարել էր, որ ջրի պակասը վերացնելու համար անհրաժեշտ է ստեղծել փորձագիտական հանձնաժողովներ, որոնցում կներգրավվեն խնդրի հետ կապված բոլոր պետական մարմինների մասնագետներն ու պետծառայողները:

Tasnim գործակալության տվյալներով՝ ջրի 30 տոկոսը, որը ծախսում Է Թեհրանը, ջրատար է մտնում քաղաքի տակ գտնվող ստորգետնյա աղբյուրներից, իսկ մնացած 70 տոկոսը՝ մայրաքաղաքի մերձակայքում գտնվող հինգ ջրամբարներից: Ընդ որում, հուլիսի 15-ի դրությամբ դրանցից յուրաքանչյուրում ջրի մակարդակը զգալիորեն նվազել էր. մինչև 7 տոկոս՝ Լար ջրամբարում, 10 տոկոս՝ Մամլուում, 43 տոկոս՝ Լաթյանում, 37 տոկոս՝ Ամիր Կաբիրում, 52 տոկոս՝ Թալեգանում:

Ավելի վաղ Իրանի ջրային ռեսուրսների պետական ընկերության կառավարիչ Հաշեմ Ամինին իր ուղերձում գրել էր, որ Իրանի քաղաքային բնակչության մոտ կեսը կանգնած է խմելու ջրի պակասի խնդրի առաջ: Կառավարչի ներկայացրած տվյալների համաձայն՝ 30 տարուց Էլ պակաս ժամանակահատվածում Իրանում քաղցրահամ ջրի վերականգնվող աղբյուրների ծավալը 132 միլիարդ խորանարդ մետրից նվազել է մինչև 90 միլիարդ խորանարդ մետր, այսինքն՝ ավելի քան 30 տոկոսով, ընդ որում՝ երկրում ջրի սպառման ծավալն աճել է:

Դեռևս մարտին Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին հայտնել էր, որ իշխանությունները լուրջ ջրային ճգնաժամի են բախվել միանգամից չորս նահանգներում՝ Խորասան-Ռեզավիում, Յազդում, Սպահանում և Թեհրանում: Պատճառն այդ տարածքներում տարիներ տևած երաշտն է։ ISNA գործակալության տվյալներով, բացի թվարկված նահանգներից, հանրապետությունում կան շրջաններ, որոնք նույնպես ջրի դեֆիցիտի եզրին են. Համադանը, որը գտնվում է երկրի կենտրոնական մասում, ինչպես նաև Հարավային Ֆարս, Խուզեստան, Քերման, Սիստան և Բելուջիստան, Հորմոզգան նահանգները:

Իրանի խոշոր գետերից մեկը՝ Զայանդե-Ռուդը, որը գտնվում է Սպահան նահանգում, մի քանի տարի չորացած վիճակում է՝ «Կուխրանգ» աղբյուրում ջրի մակարդակի իջեցումից հետո (այն խմելու ջրով ապահովում էր հինգ քաղաք և 34 գյուղ, գտնվում է Չհարմահալ և Բախտիյարի նահանգի լեռնային շրջաններում)։ Նույն պատճառով ջուրը պակասում է նաև Իրանի ամենամեծ՝ Քարուն գետում (Խուզեստան նահանգ)։

Sputnik Արմենիա