Փետրվարի 12–ին տեղի կունենա «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը։ Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը` պատասխանելով հարցին` ո՞վ է լինելու կուսակցության վարչապետի թեկնածուն, և արդյոք Սամվել Կարապետյա՞նն է այդ թեկնածուն։
«Համագումարի ժամանակ կհայտարարենք վարչապետի մեր թեկնածուի անունը»,– պատասխանեց Նարեկ Կարապետյանը։
Կարապետյանի խոսքով` առաջիկա ընտրությունները շատ կարևոր են, և եթե որևէ ընդդիմադիր ուժ տեսնի, որ անցողիկ շեմը հաղթահարելու իր հնարավորությունները շատ փոքր են, չպետք է մտնի գործընթացի մեջ ու թույլ չտա, որ իր ձայները կորչեն։
Ըստ նրա` դա ընդդիմադիր դաշտի պայմանավորվածությունների ձևաչափը պետք է դառնա, քանի որ հակառակ դեպքում նրանք կաջակցեն այս իշխանությունների վերարտադրությանը։
«Իշխանության փոփոխությունը ընտրական պրոցեսով փոքր տոկոսների տարբերությամբ է տեղի ունենալու, ամենայն հավանականությամբ, և ընդդիմության կորցրած 3–4 տոկոսն առանցքային նշանակություն է ունենալու այս մեծ փոփոխության համար»,– ընդգծեց Կարապետյանը։
Նա վստահեցրեց, որ այս մասին իրենք ասել են բոլոր ընդդիմադիր ուժերի հետ հանդիպման ժամանակ, որ պետականամետ մոտեցումը պետք է գերիշխի սեփական ամբիցիաների նկատմամբ։
Ինչ վերաբերում է կոալիցիա կազմելուն, ապա, Կարապետյանի խոսքով, «Ուժեղ Հայաստանը» այս պահին քննարկումներ է անցկացնում երիտասարդ ուժերի հետ։
Sputnik Արմենիա
