Логотип

Փոխադարձ հայհոյանքներ. Ալեն Սիմոնյանը կրկին սկանդալի կենտրոնում է հայտնվել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կրկին սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Նա ԱԺ շենքի դիմաց քաղաքացու հետ վիճել է, և փոխադարձ հայհոյանքներ են հնչել։

Կադրերում երևում է, որ ԱԺ–ից դուրս եկած Ալեն Սիմոնյանին մոտենում է մի քաղաքացի և ասում` զրուցենք, ԱԺ նախագահը պատասխանում է. «Քո հետ զրուցելու չկա, սրան տարեք»։ Դրանից հետո հայհոյախառն վեճ է ծավալվում։

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ իր նախնական տեղեկությամբ` բերման են ենթարկել Միքայել Մարգարյանին։

«Իմ տվյալներով` սկզբում Ալեն Սիմոնյանն է հայհոյել, նրանք էլ պատասխանել են։ Միքայելը «Համահայկական ճակատ» նախաձեռնության անդամ է, նրանք պահանջում են 44–օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակում»,– ասաց նա։

ՆԳՆ ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Դեմիրճյան փողոցից 2 անձ ներկայացվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։

Հիշեցնենք` 2023 թվականի ապրիլին Ալեն Սիմոնյանը գլխով հարվածել էր ակտիվիստ Արթուր Դանիելյանի քթին։ 2023 թվականի ապրիլի 2-ին էլ Կասկադում դաշնակցական Կարեն Մկրտչյանը Ալեն Սիմոնյանին դավաճան էր անվանել, Սիմոնյանի թիկնապահները բռնել էին երիտասարդի ձեռքերը, իսկ նա հայհոյել էր երիտասարդին և թքել նրա դեմքին: Ապրիլի 4-ին ԱԺ նախագահը, ներկայացնելով դեպքի մանրամասները, ասել էր, որ տղամարդու ասածին ի պատասխան պարզապես իր կարծիքն է հայտնել, գուցե վերջինիս թվացել է, թե ինքը թքում է նրա վրա։ Նա ընդգծել էր, որ նման արարքները չեն հանդուրժվելու։