Логотип

ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՍՏԻՈՆՈՒՄ

Սուրեն Թորոսյանը՝ Փաշինյանի մոլի թիմակիցն Արագածավանից (Թալին խոշորացված համայնք), շահագրգիռ մասնակցություն է ունեցել «Կրթությունը նորաձև է» ցուցանակի ներքո Աննա Հակոբյանի միջոցառումներին: Ներկայումս ՔՊ տեղական ստորաբաժանման ղեկավար Տավրոս Սափեյանի ջանքերով Թորոսյանը պաշտոն է ստացել քաղաքապետարանի կոմունալ բաժնում:

2023Թ. ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ ԱՐԱԳԱԾԱՎԱՆՈՒՄ՝ ԱՎՏՈԼՎԱՑՄԱՆ ԿԱՅԱՆԻ ՄՈՏ, ԹՈՐՈՍՅԱՆԸ ՎԻՃԱԲԱՆԵԼ Է ՈՄՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԵՏ և որպես գլխավոր փաստարկ օգտագործել գազի բալոնը՝ ուղղելով շիթն իրեն նեղացնողի դեմքին, որից հետո փայտով հարվածներ է հասցրել նրան: Տուժողը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել՝ ծանր մարմնական վնասվածք հասցնելու դեպքի առթիվ: Այս պահին գործն օդում կախված է, ոչ մի կերպ չի հասնում դատարան, որպեսզի մեղավորն իր պատիժը կրի։ Պատճառն այն է, որ Թորոսյանը ՔՊ անդամ է և Փաշինյանի մոլի թիմակից, ուստի ենթակա չէ դատիրավասության՝ բառի բուն իմաստով։ Թորոսյանը զբաղված է նրանով, որ սոցցանցերում թունդ հայհոյանքներ է տարածում Փաշինյանի քաղաքական հակառակորդների հասցեին։ Կարծում եմ, նորաձև կրթության թեմայով միջոցառումներին մասնակցությունն իզուր չի անցել նրա համար։ Շարունակեմ շատերին ծանոթ մեջբերումով պարբերությամբ։

«Առավոտյան ընտանիքիս հետ նախաճաշելուց հետո Կասկադում սկսեցի քայլել, ապա նկատեցի, որ սև մեքենայով մեկն է գալիս իր թիկնապահներով, ենթադրեցի, որ թերևս մաֆիոզ է։ Բայց, որ մեքենայից իջավ, թևի կոտրած մասը տեսա, հասկացա՝ Ալեն Սիմոնյանն է, ու իրեն բնորոշ բառն ասացի՝ դավաճան։ Ու դա մի քանի անգամ։ Ապա շարունակեցի քայլել, երբ իր անվտանգության աշխատակիցներն ինձ մոտեցան, ասացին, որ պետք է սպասեմ, ապա երկու-երեք հոգով բռնեցին թևերիցս, հենց պտտեցին, արդեն Ալեն Սիմոնյանը դիմացս կանգնած էր, ասաց՝ դավաճանը մամադ է, ապա թքեց երեսիս։ … Դրանից հետո ինձ պառկեցրին գետնին և բերման ենթարկեցին ոստիկանության բաժին»,- հայտարարեց Կարեն Մկրտչյանը։

Նրա դեմքին թքած Սիմոնյանը անպատիժ մնաց, դրա համար էլ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ եթե պետք լինի, էլի կթքի։ Ներկայումս Սիմոնյանը հաղորդումներ է գրում էթիկայի կանոնների խախտման հետ կապված խուլիգանության ձևով հանցագործությունների մասին…

ՎԵՐՋԵՐՍ ԻՐԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՆՐԱՆՈՒՄ, որ սեպտեմբերի 11-ին ժամը 12: 56-ին տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով բռնության հրապարակային կոչ է հնչեցրել խոսնակ Սիմոնյանի հասցեին: Կոչը պայմանավորված էր քաղաքական հայացքներով։ Քրեական գործն ուղարկվել է դատավոր Մասիս Մելքոնյանին, ուստի երիտասարդ կնոջ ճակատագիրը կանխորոշված է։ Օրերս «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների ներկայությամբ հռետորական հարց հնչեցրեց, թե ինչո՞ւ խորհրդարանում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կողքին նստած ոմն անձը քրեական հետապնդման չենթարկվեց Էդգար Ղազարյանի ականջներն ու լեզուն կտրելու սպառնալիքի համար:

Մամիջանյանը չցանկացավ նշել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի անունը։ Հենց նա է մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նիստում հնչեցրել հիշյալ սպառնալիքը Ղազարյանի հասցեին, որին ընդդիմությունն առաջադրել էր որպես օմբուդսմենի իր թեկնածու։ Հովհաննիսյանին հետ չպահեցին նույնիսկ միացված տեսախցիկները։ Փաշինյանի մերձավոր շրջապատի պարոնայք ըմբոշխնում են իրենց անպատժելիությունը։ Նրանք վայելում են ամենաթողությունը շուրջօրյա ռեժիմով: Եթե խոսնակը պատասխանատվության ենթարկվեր Մկրտչյանին վիրավորելու համար, ապա «շան լակոտներ» չէր անվանի Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին այն բանի համար, որ նրանք հարցազրույցի էին հրավիրել երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին։

Սիմոնյանին դուր չէր եկել, թե ինչպես էին այդ հաղորդավարներն արտահայտվել իր անձի մասին։ Երբ Սամսոնյանն ու Սաղաթելյանը նույն ոգով պատասխանեցին վիրավորանքին, նրանց 2 ամսով «փակեցին», իսկ խոսնակը կրկին մնաց անպատիժ, և ոչ միայն նա։ Լրագրողները պարբերաբար հարցնում են Հովհաննիսյանին, թե ինչու է կարճվել թմրանյութ պահելու փաստով իր դեմ հարուցված գործը: Գործի կարճումը համընկել է 2018 թվականի ապրիլին իշխանության հակասահմանադրական զավթման հետ։

Անպատժելիության ամենացայտուն օրինակը 2021 թվականից ի վեր ԱԺ լիագումար նիստերի դահլիճում ընդդիմադիր պատգամավորների ծեծի դրվագներն են, որոնց համար ՔՊ խմբակցության պատգամավորներից ոչ մեկը պատիժ չի կրել։ Իսկ ո՞վ պատասխանատվության ենթարկվեց 2024թ. հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում արգելված լուսաձայնային 30 նռնակների կիրառման համար: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խաղաղ ակցիայի 100-ից ավելի մասնակիցներ այն ժամանակ դիմեցին բժշկական օգնության, մասնակիցներից մեկի սրունքի մի մասը պոկվել էր։ Մեղավորներ չկան, թեև ակնհայտ է, որ ոստիկանության հակաիրավական գործողությունների հրահրողը Փաշինյանն էր։ Խաղաղ քաղաքացիների վրա ոստիկանների հարձակումները սկսվեցին խորհրդարանի ամբիոնից նրա ելույթից անմիջապես հետո։

Քննչական մարմինները իրավազոր համարեցին օրը ցերեկով Երևանի կենտրոնական փողոցներից մեկում ընդդիմադիր պատգամավորին ծեծի ենթարկած 40 ոստիկանների գործողությունները: Իշխող վերնաշերտի անպատիժ մնացած անդամների և նրանց ծառայանու հանցագործությունների ցուցակն աճում է օրեցօր։ Մեկ անձի և նրա կուսակցության քաղաքական բռնապետությունը բացահայտորեն ճնշում է քաղաքացիների ժողովրդավարական իրավունքներն ու ազատությունները ընտրողական արդարադատության միջոցով:

Փաշինյանի քարոզչամեքենան ամեն օր ձևավորում է հայ ժողովրդի թշնամիների կերպար՝ ի դեմս «Մոսկվայի գործակալների», շեղելով զանգվածների ուշադրությունը փաստերից, որոնք վկայում են այն մասին, որ Հայաստանում իշխանությունը բռնազավթված է Բաքվի և Անկարայի կամակատարների կողմից «Ժողովրդավարության բաստիոնը» մեր աչքի առաջ վերածվել է բռնապետության բաստիոնի, քաղբանտարկյալների ցանկը համալրվում է օրըստօրե, քաղաքական բռնաճնշումները նպատակ ունեն ահաբեկել նրանց, ովքեր համաձայն չեն ազգային շահերի դավաճանության քաղաքականությանը:

Բռնաճնշումների խստացման խորապատկերին Փաշինյանին չհաջողվեց նախքան նոյեմբերի 16-ի ընտրությունները բազմահազարանոց հանրահավաք անցկացնել Էջմիածնի գլխավոր հրապարակում, նրան «պատարագների» ուղեկցող զանգվածի թվաքանակը եղել և մնում է շատ համեստ։ Չնայած Էջմիածնում ՔՊ-ի տարած հաղթանակին, որը Փաշինյանը անվանեց 2026թ. համապետական ընտրություններում հաղթանակի նախերգանք, ռեժիմի վերնաշերտը մոտեցել է կողմնակիցների նվազագույն քանակով՝ վերածվելով մերժյալ կուսակցության կամ Նիկոլի հետևորդների ակումբի։ ՔՊ-ի հաղթանակի առթիվ շնորհավորական ուղերձում Փաշինյանը չմոռացավ հիշատակել նաև Սուրբ Էջմիածնի և Կտրիճ Ներսիսյանի (Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը) հետ կապված իր ծրագրերը, այժմ նրա ձեռքերն ազատ են: ՔՊ-ի հաղթանակն արդեն ներկայացնում են ոչ այլ կերպ, քան համաժողովրդական հավանություն Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ Փաշինյանի վարած քաղաքականությանը, այնպես որ Էջմիածնի գլխավոր հրապարակում հանրահավաքը սարերի հետևում չէ, իսկ քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո՝ նոյեմբերի 16-ին, խուզարկություններ սկսվեցին «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում։ Խուզարկությունների արդյունքում մեղադրանք է ներկայացվել մի քանի անձանց…

Չնայած իշխող վերնաշերտի իրավական կամայականություններին, հայ հասարակությունն ապրում է արմատական փոխակերպումների փուլ՝ անկերպարան օրգանիզմից վերածվելով հզոր բռունցքի ընդդեմ պղծությունների, որոնց արմատավորմամբ են զօրուգիշեր զբաղվում իշխող վերնաշերտն ու դրա պարագլուխը։ Պրկված զսպանակի օրենքը դեռ ոչ ոք չի չեղարկել։ Փաշինյանը թող արդեն այսօր հաշվարկի, թե քանի ձայնից է զրկվելու ՔՊ-ն 2026-ի ընտրություններում՝ այն պատճառով, որ «հեղափոխության» նախկին կողմնակիցները չեն ցանկանա քվեարկել այն կուսակցության օգտին, որում Սիմոնյանը զբաղեցնում է առանցքային դիրքերից մեկը։ Բացի այդ, խորհուրդ կտամ նաև հաշվի առնել, որ բուն Վաղարշապատ քաղաքում «Հաղթանակ» դաշինքն ավելի շատ ձայն է հավաքել, քան ՔՊ-ն, որի հաղթանակն իրականություն դարձավ լոկ միացված Խոյ համայնքի ընտրողների ձայների հաշվին:

Կարծում եմ, լիագումար նիստերի դահլիճում Փաշինյանի ցուցադրական դժգոհությունը (անցած շաբաթ) պայմանավորված էր ոչ միայն քվորումի բացակայությամբ, այլև այն գիտակցումով, որ շքախումբը ոչ այնքան «թագավոր է խաղում», որքան վարկաբեկում իր կուսակցությունը։ Այս առումով ակնհայտ է Սուրեն Թորոսյանի և Ալեն Սիմոնյանի նմանությունը։ Միակ տարբերությունն այն է, որ խոսնակը թքել է Մկրտչյանի դեմքին, իսկ Թորոսյանը՝ գազի բալոնի շիթն ուղղել իր վիրավորողի աչքերին։ Երկուսն էլ մնացին անպատիժ…