Логотип

Փոստանջյան․ Գյումրիում մանդատներից հրաժարվում են ավագանու քվորումը փրկելու համար

Գյումրիում ավագանու մանդատներից զանգվածաբար հրաժարվելու կամ ընտրական ցուցակները լքելու միտում չկա։ Հրաժարականների միակ նպատակը ավագանու նիստերի համար քվորում ապահովելն է։ Այդ մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպանական խմբի անդամ Զարուհի Փոստանջյանը։

«Մանդատից հրաժարվում են այն ավագանու անդամները, որոնք քաղաքական կոնտեքստից ելնելով՝ կալանքի տակ են։ Այդ կերպ փորձում են կանխել ավագանու գործունեությունը տապալելուն միտված քայլերը, որպեսզի ցուցակով իրենց հաջորդողները կարողանան ապահովել նիստի քվորումը», – նշեց Փոստանջյանը։

Նշենք, որ «Արմենպրես»-ը հայտնել էր՝ Գյումրիում ավագանու անդամները հրաժարվում են մանդատներից և լքում ընտրական ցուցակները՝ նշելով, թե ավագանու աշխատանքը լիարժեք չէ։

Զարուհի Փոստանջյանը պարզաբանեց, որ հոկտեմբերի 20-ին քաղաքապետի, իր խոսքով՝ ապօրինի, ձերբակալությունից ու կալանքից հետո կալանավորվել են նաև խաղաղ բողոքի ակցիաներին մասնակցած ավագանու անդամներ։

«Քանի որ նրանք չէին կարող մասնակցել ավագանու նիստերին, դիմեցին հրաժարականի։ Սակայն, նրանց փոխարինողներին, ովքեր ցուցակով պետք է հաջորդեին, նույնպես կալանավորեցին բողոքի ակցիայից արդեն 9–10 օր անց՝ որպես մասնակցի։ Եվ քանի որ նրանք ևս կալանքի տակ հայտնվեցին, արագ դիմումներ ներկայացրեցին հրաժարականի վերաբերյալ, որպեսզի իրենցից հետո ցուցակի հաջորդ անդամներն անցնեն ու կարողանան ապահովել քվորումը», – ասաց նա։

Փոստանջյանի խոսքով՝ երեկ Գյումրիում լինելով՝ ինքն արձանագրել է, որ հանձնվելու կամ որևէ գործարքի գնալու ցանկություն բացարձակ չկա։

«Ընդհակառակը՝ բավական լուրջ տրամադրված են հաղթահարելու բոլոր քաղաքական ճնշումները և ակնկալում են, որ պատասխանատվության կենթարկվեն բոլոր նրանք, ովքեր իրենց այս ապօրինի վիճակի մեջ են դրել», – նշեց նա։

Փաստաբանը հավելեց, որ իշխանությունների հաշվարկով սկզբում պետք է չեզոքացվեր քաղաքապետը, այնուհետև՝ կաթվածահար արվեր քաղաքապետարանի աշխատանքը։

«Տեսեք, հոկտեմբերի 20-ի առավոտյան՝ ժամը 6-ին, Երևանից զորքը արդեն եղել է Գյումրիի մատույցներում, մինչդեռ դատախազը հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշումը կայացրել է նույն օրը՝ ժամը 9–10-ի սահմաններում։ Դեռ չգիտեին, որ Վարդան Ղուկասյանին պետք է ձերբակալեն և կալանքի տանեն, բայց զորքը արդեն տեղակայված էր Գյումրիի մոտ։ Բացի այդ, ամեն ինչ նախապես էր կազմակերպված․ ենթադրել էին, որ բողոքի ակցիա կլինի, և կկիրառվեն վայրագ մեթոդներ, որոնք կհարուցեն զայրույթ, որից հետո մասնակիցներին կհավաքեն ու կտանեն։ Այսինքն՝ ամբողջ գործընթացը նախապես էր հաշվարկված՝ առանց որևէ իրավական հիմքի», – ասաց Փոստանջյանը։