Իրանը պատրաստ է ամեն ինչի. եթե այլ ընտրություն չունենա, ինքնապաշտպանության համար միջուկային զենք կստեղծի։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է իրանցի քաղաքագետ Փույա Հոսեյնին։
«Իրանի զինված ուժերը քաջ գիտակցում են, որ եթե բանակցությունները ձախողվեն, ռազմական գործողությունները կարող են վերսկսվել։ Իրանցի զինվորականները բանակցողներին կոչ են արել վստահորեն առաջ մղել երկրի շահերը՝ վստահեցնելով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են շարունակել պատերազմը։
ԱՄՆ-ն ցանկանում էր բանակցություններում հասնել այն բանին, ինչին չկարողացավ հասնել պատերազմի միջոցով։ Ընդ որում, Թեհրանի բանակցային դիրքերն ամուր են, ուստի այն մերժել է ԱՄՆ-ի պայմանները՝ գիտակցելով, որ միակողմանի բանակցություններ լինել չեն կարող։
ԱՄՆ-ն մինչև օրս փորձում է Իրանի հետ խոսել թելադրողի դիրքերից։ Նրանք պետք է գիտակցեն, որ կարող է գործել միայն փոխզիջումային տարբերակը, այլապես պատերազմից դուրս գալն ավելի ու ավելի կդժվարանա»,- նշել է Հոսեյնին։
Ըստ նրա, ԱՄՆ-ն կարող է փորձել ցամաքային գործողություն իրականացնել Իրանի դեմ՝ փորձելով գրավել կղզիները կամ երկրի ափամերձ տարածքները՝ ճնշում գործադրելու և Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը հասնելու համար, սակայն այդ զորքերը չեն կարող երկար մնալ այնտեղ, քանի որ կթիրախավորվեն Իրանի ուղղակի հարձակումներով։
«Այն պայմաններում, երբ Թրամփը խոսում է մեկ գիշերվա ընթացքում մի ամբողջ քաղաքակրթություն բնաջնջելու պատրաստակամության մասին, Իրանը կարող է մտածել միջուկային զենք ստեղծելու մասին՝ թշնամիներին նման գաղափարներ իրականացնելու մտքից հետ պահելու համար։ Իրանին կարող են ստիպել դիմել նման քայլի»,- եզրափակել է նա։
