ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմում Իրանը փաստացի ցուցադրեց իր հզորությունը, ընդ որում՝ ողջ տարածաշրջանի մակարդակով։ News.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական փորձագետ Արմեն Այվազյանը։
Փորձագետի խոսքով՝ Իրանին հաջողվեց գրեթե միայնակ դիմակայել միջուկային երկու հզորագույն տերություններին։
«Իրանը ոչ միայն դիմակայում էր, այլև չափազանց ցավոտ և զգալի պատասխան հարվածներ էր հասցնում։ Օրինակ՝ այս բոլոր 38 օրերի ընթացքում իսրայելցիները քնում և արթնանում էին ռմբապաստարաններում։ Մի ամբողջ երկիր կանգ էր առել։ Բուհեր, դպրոցներ, բիզնես… այդ ամենը կարծես անհետացել էր։ Նախկինում Իսրայելը երբեք չէր ենթարկվել նման հարվածների։ Նրա պատմության մեջ նման բան պարզապես չի եղել։ Իրանն ապացուցեց, որ ինքն ուժեղ է», – ասել է Այվազյանը։
Նա համոզված է, որ Թուրքիան և Ադրբեջանը, որոնք շարունակում են մնալ Հայաստանի թշնամիները, ակնկալում էին Իրանի թուլացումն ու պառակտումը։ Դա նրանց թույլ կտար իրենց ենթարկել ողջ տարածաշրջանը։
«Նաև այսպես կոչված «Թրամփի ուղու» օգնությամբ։ Հիմա արդեն, համենայն դեպս այս պահին, Ադրբեջանը ռիսկ չի անի ներխուժել Հայաստան և զավթել Սյունիքի մարզը և այլն։ Այնտեղ հիանալի հասկանում են, որ եթե Իրանը մեկ անգամ հարվածի իր հրթիռներով, բոլոր հարցերն ակնթարթորեն ինքնաբերաբար կլուծվեն»,- նշել է քաղաքագետը՝ մատնանշելով Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի նախանձելի չթվացող ճակատագիրը։
Այվազյանի կարծիքով՝ Բաքվում և Անկարայում երազում էին այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի» և Ադրբեջանի Հանրապետության վերամիավորման մասին, սակայն այժմ այդ ծրագրերին վիճակված չէ իրականություն դառնալ։ Իսկ Իսրայելի նկատմամբ Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությունը ռազմական փորձագետը որակել է որպես կեղծ՝ մատնանշելով ընդհանուր տնտեսական և ռազմավարական շահերի առկայությունը։
