Логотип

ՓՈՐՁԱԳԵՏ․ ԻՐԱՆՈՒՄ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԸ ՁԱԽՈՂՎԵՑ

Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողության նախնական նպատակը իշխանափոխությունն էր, սակայն այդ հաշվարկը չարդարացվեց։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ, Սթենֆորդի համալսարանի դոկտոր Արթուր Խաչիկյանը՝ տեսակապով ելույթ ունենալով Երևանի «Ռուսական տան» կազմակերպած կլոր սեղանի ժամանակ։

Նրա գնահատմամբ՝ ի տարբերություն Լիբիայի և Սիրիայի իրավիճակների, իրանական ընդդիմությունը համապատասխան ներուժ չունի ներքին բեկում մտցնելու համար։ Ավելին, գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահը, ըստ փորձագետի, ապակայունացման չհանգեցրեց, այլ ընդհակառակը՝ բերեց հասարակության համախմբման։ Արձագանքը տարածվեց նաև երկրի սահմաններից դուրս՝ Իրաքից մինչև Հնդկաստան։

Խաչիկյանը կարծում է, որ ռահբարի վերացումը զգալիորեն նեղացրել է փոխզիջման միջակայքը։ Ընդ որում, հետագա սրացումը, նրա կարծիքով, Վաշինգտոնի համար լուրջ տնտեսական և ներքաղաքական ռիսկեր է պարունակում։ Նա նկատում է՝ նշաններ կան, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է սահմանափակվել թիրախային հարվածներով՝ ակնկալելով Թեհրանին զիջումների հարկադրել։

«Թրամփը իրավիճակից ելք է փնտրում։ Նա արդեն հասկացնում է, որ ԱՄՆ-ն կարող է դադարեցնել հարձակումը, եթե Իրանը ընդառաջ գնա, սակայն Թեհրանը մերժել է բանակցությունների առաջարկները։ Նախագահն ասում է, որ գործողությունը կարող է տևել մինչև չորս շաբաթ։ Բայց հիմնական հարցն այն է, թե ով ավելի երկար կդիմանա։ Ռազմատեխնիկական գերազանցությունը, անկասկած, ԱՄՆ-ի կողմն է, սակայն նրանց ռեսուրսներն անսահմանափակ չեն. սպառազինությունը թանկ արժե, իսկ պաշարների մի մասն արդեն գրեթե սպառվել է Ուկրաինային մատակարարումների ֆոնին»,-նշել է փորձագետը։

Խոսելով ԱՄՆ առաջնորդի համար ներքաղաքական ռիսկերի մասին՝ Խաչիկյանն ընդգծել է, որ Թրամփի վրա ճնշումն ուժեղանում է, խոսակցություններ են հնչում հնարավոր իմպիչմենտի գործընթացի մասին, իսկ մրցակիցները Դեմոկրատական կուսակցությունից ակտիվացնում են քաղաքական քննադատությունը։

Հիշեցնենք` չնայած փետրվարի վերջին օրերին Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Sputnik Արմենիա