Տնտեսական առումով TRIPP նախագիծը Հայաստանին առանձնակի եկամուտ չի բերի։ Նման կարծիք է հայտնել «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր, կառույցի տնտեսական թիմի ղեկավար Դավիթ Անանյանը փետրվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Անանյանը նշել է, որ դեռ այն ժամանակ, երբ նախագծի մասին քիչ բան էր հայտնի և ենթադրվում էր, որ այն անցնելու է էստակադայով, կատարվել էր հաշվարկ։ «Սկզբում խոսքը 43 կիլոմետրանոց հանգույցի մասին էր։ Ճանապարհը չպետք է առնչություն ունենար ներքին հաղորդակցուղիների հետ։ Այդ ժամանակ հաշվարկը ցույց տվեց, որ դրա թողունակությունը լավագույն դեպքում կկազմի 20 մլն տոննա։ Եթե հիմք ընդունենք մեկ տոննայի համար 7 դոլար սակագինը, ապա կստացվի 140 մլն դոլար, որի 26 տոկոսը կպատկանի Հայաստանին։ Այսինքն՝ նախագիծը կբերի մի քանի տասնյակ միլիոն դոլար. տնտեսական առումով այն մեծ հնարավորություններ չի ընձեռում։ Սակայն դիվանագիտական և քաղաքական հնարավորությունները կարող են ավելի մեծ լինել, եթե հաջողվի համադրել Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերը», – կարծում է Անանյանը։
Նա հավելել է, որ Ռուսաստանից ազդակներ են գալիս այն մասին, որ իրենք դեմ չեն քննարկել իրենց մասնակցությունը։ «Բանակցություններ վարելու և հաջողության հասնելու համար անհրաժեշտ է փոխել բանակցողին։ Դա պետք է բոլորով միասին անենք», – հավելել է Անանյանը՝ նկատի ունենալով առաջիկա ընտրությունները։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես են իրականացվելու մաքսային գանձումները՝ հաշվի առնելով նախագծում հայտարարված «առանց կոնտակտ» տարբերակը, Անանյանը նշել է, որ չի պատկերացնում, թե դա ինչպես է տեղի ունենալու, քանի որ կան մաքսային ընթացակարգեր, որոնք ենթադրում են ֆիզիկական շփում։ «Մենք պետք է դա նաև ԵԱՏՄ-ի մեր գործընկերների հետ քննարկենք, քանի որ մեր սահմանը նաև ԵԱՏՄ-ի սահմանն է և կարգավորվում է ԵԱՏՄ օրենսդրությամբ։ Չգիտեմ այդ հարցերը քննարկվում են այսօր, թե ոչ, համենայնդեպս տեղեկատվություն չունենք։ Կան բազմաթիվ հարցեր, որոնք մենք չգիտենք», – նշել է Անանյանը։
Խոսելով «Միասնության թևեր» նախաձեռնության առաջարկած տրանսպորտային նախագծերի մասին՝ նա նշել է, որ ժամանակին սառեցվել են կարևոր ծրագրեր, որոնք իրենք պատրաստվում են կյանքի կոչել։ Օրինակ՝ 2014 թվականին չինական կողմը սառեցրել է «Հյուսիս-Հարավ» երկաթուղային նախագիծը, քանի որ ՀՀ կառավարությունը նախապատվությունը տվեց ավտոճանապարհային տարբերակին։ Սակայն այժմ, երբ Չինաստանը մասնակցում է (Վրաստանի) Անակլիա նավահանգստի շինարարությանը, այս համատեքստում նախագիծը ձեռք է բերում տնտեսական գրավչություն։
Նա նաև հայտնել է, որ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ քննարկել են երկաթուղային հաղորդակցության նախագիծը և մտադիր են կյանքի կոչել վերջինիս առաջարկները։ «Բաքու-Ղազախ-Իջևան-Հրազդան-Երևան-Երասխ-Նախիջևան-Կարս. սա այն հիմնական ուղղությունն է, որը կարող ենք ունենալ։ Նաև՝ Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Գյումրի-Կարս ուղղությունը։ Խոսրով Հարությունյանն ունի համապատասխան փաստաթղթեր. մենք դրանք քննարկել ենք և նա դրանք փոխանցել է մեզ՝ մեր տնտեսական ծրագրում ներառելու համար», – հավելել է Անանյանը։
News.am
