«Ռուսական երկաթուղիները» կարող են շարունակել գործունեությունը Հայաստանում նաև տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումից հետո: Այս կարծիքը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Կովկասի, Մերձսևծովյան և Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի կենտրոնի ղեկավար Կոնստանտին Տասիցը։
Ինչպես նշեց փորձագետը, «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը, որպես Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարիչ (իր դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղիների» միջոցով), կատարել է կոնցեսիոն պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները: Պայմանագրի գործողության մեկնարկից (2008 թվ.) ի վեր զգալի ներդրումներ են կատարվել։
«Կարծում եմ` նոր պայմաններում, հաղորդակցությունների բացման գործընթացում, ռուսական կողմը բաց է գործունեությունը շարունակելու և փոխադրումների գործառույթն իրականացնելու համար», – կարծում է Տասիցը։
Ինչպես նշեց փորձագետը, «Ռուսական երկաթուղիները» արդյունավետ գործում է նաև Հյուսիսային տրանսպորտային միջանցքում, որն անցնում է Ռուսաստանի տարածքով: Այս միջանցքին մինչ օրս բաժին է հասնում Արևելք-Արևմուտք ուղղությամբ բեռների տարանցման զգալի մասը (Արևելյան Ասիայից Արևմտյան Եվրոպա): Նա հիշեցրեց, որ Միջին տրանսպորտային միջանցքին բաժին է հասնում բեռնափոխադրումների հոսքի ընդամենը մոտ 10%-ը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել էր ՌԴ գործընկերներին վաճառել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը Երևանի և Մոսկվայի համար բարեկամ երկրին։ Նա նաև բարձրացրել էր Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանային երկաթուղային հանգույցների վերականգնման հարցը, որոնք չեն գործում 90-ականների սկզբից։
Հայկական երկաթուղիները ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։
