Логотип

Փորձագետ․ TRIPP-ը կարող է ԱՄՆ-ի բիզնես ներկայությունը Հարավային Կովկասում վերածել ռազմավարական ներկայության

«Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» (TRIPP) նախագիծը ներկայումս Միացյալ Նահանգներին ապահովում է հիմնականում բիզնես ներկայություն Հարավային Կովկասում, բայց ունի լիարժեք ռազմավարական ներկայության վերածվելու ներուժ, ինչը ԱՄՆ-ն երբեք չի ունեցել, հայտարարել է միջազգայնգետ Սուրեն Սարգսյանը։

Ըստ նրա՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի տարածաշրջանային այցն ամերիկյան աշխարհաքաղաքական շահերի առաջխաղացման կարևոր հանգրվաններից մեկն է լինելու։

«Սա բնական տարածաշրջանային աշխարհաքաղաքական մրցակցություն է, որի տվյալ փուլում առավելությունը ԱՄՆ-ի կողմն է»,- նշել է նա։

Փորձագետի խոսքով՝ առավելությունը մեծապես ձեռք է բերվում տարածաշրջանի ամենաթույլ օղակի շահագործմամբ, ինչը «ռեալպոլիտիկի դառը, բայց իրական դրսևորում է»։

Սարգսյանն ընդգծել է, որ նման սցենարները ոչ միայն Դոնալդ Թրամփի վարչակազմի հաղթանակն են, քանի որ նման սցենարների մշակումներ բնորոշ են ԱՄՆ-ի բոլոր վարչակազմերին՝ սկսած 1991 թվականից, և դրանք փուլ առ փուլ կյանքի են կոչվել։

Նա ընդգծել է, որ Իրանի վրա գոնե մինչ այս պահը հարված չկիրառելու հարցում դեր է խաղացել նաև այն հանգամանքը, որ այս քայլը կարող էր բացասական ազդեցություն ունենալ TRIPP-ի կյանքի կոչման կամ դրա ժամկետների վրա։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի:

Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:

Armenia Today