Логотип

Փորձաքննությամբ ապացուցվել է, որ խմբակային ծեծի է եղել. Կադաստրի կոմիտեում ծեծի ենթարկվածի կինը մանրամասներ է հայտնում

Կադաստրի կոմիտեի նախագահի աշխատասենյակում տեղի ունեցած միջադեպի հետ կապված նշանակված դատաբժշկական փորձաքննության պատասխանը ստացվել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Կոմիտեի նախկին աշխատակիցը, որի ամուսինը ծեծի է ենթարկվել։

«Փորձաքննությամբ ապացուցվել է, որ խմբակային ծեծ է եղել։ Գիտենք, որ առաջիկայում մեղադրյալներ են լինելու, սակայն Սուրեն Թովմասյանը նրանց մեջ չկա, մինչդեռ հենց Սուրենն է կազմակերպել այս ամենը։ Բացի դրանից, նկատել ենք, որ ինձ և երեխաներիս հետևում է մի մեքենա։ Եթե ես փողոց եմ անցնում, արագ կողքովս անցնում է մեքենան, կարծես վախեցնում են։ Քննիչին էլ ենք ասել այդ մասին, առաջարկել է, որ մեր անվտանգությունն ապահովեն։ Մենք ընտանիքով հիմա վախի մեջ ենք, պաշտպանված չենք զգում մեզ»,– ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 14-ին դաժան ծեծի է ենթարկվել մոտ 50-ամյա տղամարդ, որը գնացել էր Կադաստրի կոմիտե իր կնոջն աշխատանքից ազատելու հարցի պարզաբանման հետքերով:

Դեպքին նախորդել է կնոջ՝ աշխատանքից ապօրինի ազատումը։ Տղամարդը զանգահարել է Կադաստրի պետին, սակայն պատասխան չստանալով՝ ձայնային հաղորդագրություն է ուղարկել։ Մի քանի ժամ անց, նրա ընտանիքի պնդմամբ, Արթուրին առևանգել են և դաժանաբար ծեծի ենթարկել։ Նշվում է, որ ծեծի տեսարանը շարունակվել է մի քանի ժամ և մասնակցել է շուրջ 40-50 մարդ»

Սուրեն Թովմասյանը հերքում է տարածված տեղեկությունները։