Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը տեղյակ չէ որևէ փորձաքննությունից կամ դրա եզրակացությունից։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում։
Նշենք, որ ժամեր առաջ մերձիշխանական ԶԼՄ–ները հայտարարություն տարածեցին, ըստ որի՝ նոյեմբերի 5-ին Մայր աթոռում ստեղծվել է հանձնախումբ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող աղմկահարույց տեսանյութերի փորձագիտական եզրակացություն իրականացնելու համար։ Եզրակացությունը, իբր, հաստատել է տեսանյութերի իսկությունը (ՀՀ Քննչական կոմիտեն նշված տեսանյութի իսկության վերաբերյալ հաղորդագրություն չի տարածել–խմբ.), սակայն «Ամենայն հայոց կաթողիկոսն առ ոչինչ է համարել այն»։ Հայտարարությունը ստորագրած 13 եպիսկոպոսներ դատապարտում են կաթողիկոսի որոշումը և պահանջում վերականգնել Հայ առաքելական եկեղեցու սուրբ անունը։
«Քանի դեռ այդ հոգևորականները չեն հաստատել, որ ստորագրել են այդ թղթի տակ, ես չեմ պատրաստվում այն մեկնաբանել։ Երբ ստորագրող անձինք կհաստատեն, որ իրենք նման հայտարարություն են տեսել և ստորագրել, այդ ժամանակ իմ հետևությունները կանեմ ու այդ թեմայի շուրջ ավելի հանգամանալից զրուցենք»,- ասաց Արշակ սրբազանը։
Դիտարկմանը, թե այդ փաստաթղթում նշվում է, որ Քննչական կոմիտեն է նորաստեղծ հանձնախմբին տվել հիշյալ փորձաքննության եզրակացությունը, սրբազանն ընդգծեց՝ իրեն որևէ փորձաքննություն կամ առավել ևս դրա եզրակացություն հայտնի չէ։
«Եթե ես ակամա ուղղակիորեն ներգրավված եմ այս պրոցեսում ու ինձ հայտնի չէ ինչ-որ փորձաքննություն կամ դրա եզրակացություն, ապա ինչպե՞ս կարող է 3-րդ կամ 4-րդ անձի ձեռքում հայտնվել ինչ-որ փորձաքննություն»,- ասաց Մայր աթոռի դիվանապետը։
Հարցին՝ ինչպես կարձագանքի, եթե որոշվի սառեցնել իր ծառայությունը, սրբազանը նշեց՝ ինքը եթե-ներով չի առաջնորդվում։ Ընդգծեց՝ ցանկացած որոշում պետք է ունենա իրավական կամ գոնե տրամաբանական հիմնավորում։
Խոսելով նամակում նշված պահանջի մասին, թե նաև կաթողիկոսի հրաժարականն են պահանջում, Արշակ սրբազանը շեշտեց՝ Գրիգոր Լուսավորչի գահն ընծա չէ, որ նվիրես այս կամ այն հոգևորականին, իսկ Գարեգին Երկրորդին ընտրել է ազգային եկեղեցական ժողովը։
Հիշեցնենք` «Հայկական Վիկիլիկս» անվանումով նորաբաց տելեգրամյան ալիքը հոկտեմբերի 25-ին ինտիմ բնույթի տեսագրություն էր հրապարակել` դրանք վերագրելով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Հոգևորականն արձագանքել էր` նշելով, որ անգամ ուժերի գերլարումով չի կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը, խելամիտ է համարում արհամարհել:
Sputnik Արմենիա
