Логотип

Փորձել են 161 կգ հերոին փոխադրել ՀՀ տարածքով. Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել

Կանխվել է 161 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոցի ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրման փորձը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

Թմրանյութի խմբաքանակը հայտնաբերվել է «Ագարակ» սահմանային անցակետում։ Մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննության են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած բեռնատար ավտոմեքենան և կցորդը։

«Մաքսային զննման արդյունքում նշված բեռնատարի կցորդի նախապես պատրաստված գաղտնարանից հայտնաբերվել են 161 կիլոգրամ ընդհանուր քաշով 322 հատ թափանցիկ ինքնակպչուն ժապավենով փաթաթված սև փաթեթներ՝ լցված «հերոին» տեսակի թմրամիջոցով»,– նշվում է հաղորդագրությունում։

Բեռնատարի վարորդը` Թուրքիայի քաղաքացի Ա.Ա.-ն ձերբակալվել է։ Նա ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Ինչից հետո` նրա նկատմամբ որպես խափանման միջոց է, ընտրվել կալանավորումը։

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված 161 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոցը պետք է բեռնատար ավտոմեքենայով ՀՀ տարածքով տեղափոխվեր Վրաստան։

Sputnik Արմենիա