Логотип

Փորձում են խոսքի իրավունքից զրկել․ «Սրբազան պայքարի» գործով մեղադրողների միջնորդությունը

«Սրբազան պայքարի» գործով հանրային մեղադրողները դատավոր Կարեն Ֆարխոյան միջնորդություն ներկայացրին, որ դատավարության ընթացքում ընդհատի յուրաքանչյուրին, ով կխոսի քրեական գործի հետ կապ չունեցող հանգամանքների մասին, իսկ դատավարության մասնակիցների կամ այլ անձանց մասին պիտակավորող, վիրավորական արտահայտություններ հնչեցնելիս կիրառվեն պատժամիջոցներ։

«Առանց այդ էլ մեր ազատ տեղաշարժման իրավունքը սահմանափակված է ապօրինաբար, խոսքի իրավունքից գրեթե զրկել եք, միակ տեղը, որտեղ կարողանում եմ քիչ թե շատ իմ ասելիքն արտահայտել, այս դատարանի դահլիճն է։ Հիմա էլ պահանջել, որ դատարանի էս դահլիճում մեզ խոսքի իրավունքից զրկել․․․»,- ասաց «Սրբազան պայքարի» գործով կալանք ի տակ գտնվող Վահագն Չախալյանը։

Հանրային մեղադրողները պնդում են, թե դատարանը պետք է պահպանի քաղաքական չեզոքություն և չպետք է թույլ տա, որ դատավարության մասնակիցները քաղաքական ելույթներով խախտեն դատավարության ընթացքը։

Փաստաբանները միաբերան պնդեցին՝ այս միջնորդությունը դատարան է բերվել գործին առնչվող էական հանգամանքների մասին խոսելը խոչընդոտելու, կոծկելու համար։

«Այժմ մեղադրողների կողմից լսում ենք՝ «քաղաքական չեզոքություն» պահել, այսինքն՝ փորձ է արվում ցույց տալ, թե այս գործն իրավունքի դաշտում է։ Ո՛չ, սա իրավունքի դաշտում չէ, սա քաղաքական հետապնդման ցայտուն դրսևորում է»,- հայտարարեց պաշտպան Սերգեյ Հարությունյանը։

Պաշտպանները վստահ են, որ սա նպատակ ունի հետագայում մեղադրող կողմին ինչ-ինչ հանգամանքներում պաշտպանել, մեղքը բարդել պաշտպանական կողմի, նույնիսկ՝ դատարանի վրա։

«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նշեց՝ մեղադրական կողմը վիրավորանքների մասին է խոսում, մինչդեռ մեղադրյալի աթոռին հայտնվածներին են վիրավորել՝ 6-7 ամիս կալանքի տակ պահելով, ահաբեկչության մեջ մեղադրելով։

«Եթե սկսենք վիրավորականի դաշտից խոսել, ամենամեծ վիրավորանքն այն է եղել, որ ինձ՝ 30 տարի ծառայած մարդուն, կարող են մարդիկ անվանել հանցագործ, ահաբեկիչ և նման այլ բաներ։ Եթե մեր համբերությունը չի հատում այդ գիծն ու սահմանը, չեմ կարծում, թե այս դատարանում ինչ-որ մեկն իրավասություն ունի պատվարժան դատարանին ասել, թե ինչպես վարվել ինչի նկատմամբ»,- ասաց Բագրատ սրբազանը։

Նա ներողություն խնդրեց, եթե նախորդ անգամ հանրային մեղադրողներին ուղղված` «տղամարդ լինելուն» վերաբերող ելույթը վիրավորական է եղել, բայց և հավելեց՝ իր հետագա ելույթներն էլ խիստ ու սուր են լինելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր փորձելու են սուտը պաշտպանել և ճշմարտության տեղ վաճառել, չարը բարի ներկայացնել։

Դատավոր Կարեն Ֆարխոյանը նշեց՝ չի կարող ի սկզբանե կանխատեսել, թե ինչի մասին են խոսելու դատավարության մասնակիցները, սակայն կրկին դիմեց և կոչ արեց՝ դատարանում այնպիսի հայտարարություններ չարվեն, որոնք չեն վերաբերում քննվող քրեական գործին։

Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Այս գործով 18 անձ է անցնում, այդ թվում` Բագրատ սրբազանը։

Sputnik Արմենիա