Логотип

«ՓՈՔՐ ՄԱՐԴՈՒ ՄԵԾ ՔԱՅԼԵՐԸ». ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ STAR(T) DAY ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ

Ամերիաբանկը մեկնարկել է Star(t) day միջոցառումների շարքը, որի առաջին հանդիպումը՝ մեկ հարկի տակ համախմբելով 9-15 տարեկան շուրջ 100 երեխաների ու նրանց ծնողների։

Միջոցառման առանցքում երեխաների ֆինանսական գրագիտության թեման էր՝ որպես ժամանակակից աշխարհում հաջողության հասնելու անհրաժեշտ հմտություն։

ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ԹՎԱՅԻՆ ԲԱՆԿԻՆԳԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԽՈՍՔՈՎ՝ հատկապես ներկայիս արագ փոփոխվող ու տեխնոլոգիապես զարգացած միջավայրում ֆինանսական գրագիտությունը կարևոր է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար։

Ըստ նրա՝ ծնողները պետք է սկսեն մտածել երեխաների ֆինանսական կրթության մասին դեռևս 6 տարեկանից:

«Իհարկե, 6 տարեկանից պետք չէ միանգամից մեծ քայլերից սկսել: Դա ենթադրում է ավելի փոքր քայլեր, բայց արդեն պետք է երեխայի հետ խոսել գումարի, փողի մասին, ներկայացնել, թե դա ընդհանրապես ինչի համար է, ոնց են վաստակում և ինչպես են ծախսում: Սա անհրաժեշտ է, որպեսզի երեխան քիչ-քիչ ձևավորի իր սեփական վերաբերմունքը փողի նկատմամբ», -նշեց Վարդանյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Միջոցառումը մեկնարկեց երեխաների և ծնողների համար նախատեսված հատուկ դասընթացով, որի ժամանակ երեխաները ծանոթացան բանկային աշխարհին՝ իմանալով, թե ինչ է բանկը, փողը, ինչպես են զարգացել քարտերն ու ինչպես անվտանգ օգտվել հավելվածներից։

Տեսական գիտելիքներին հաջորդեցին ինտերակտիվ խաղերը, որոնք նույնպես նպաստեցին երեխաների ֆինանսական գրագիտության բարձրացմանը։

Star(t) day միջոցառման շրջանակում տեղի ունեցավ նաև «Ապագա աստղերը․ ինչպես մանկուց ձևավորել ֆինանսական ինքնավստահություն» թեմայով պանելային քննարկումը, որի ընթացքում բանախոսները ծնողների հետ կիսվեցին փորձով։

Մասնավորապես, բանախոսներն ընդգծեցին, որ ֆինանսական հարցերում ինքնուրույնությունը ձևավորում է երեխայի անհատականությունը, իսկ ծնողի վստահությունը բարձրացնում է նրա պատասխանատվությունը։

Քննարկվեց, թե ինչպես կարելի է երեխայի հետ խոսել ֆինանսների մասին, որ տարիքում կարելի է երեխային վստահել առաջին ինքնուրույն գնումը, և ինչպես երեխաների մոտ ձևավորել գումարից օգտվելու մշակույթ։

Հատկապես շեշտադրվեց այն գաղափարը, որ գումարը չպետք է դիտարկվի որպես վարձատրություն երեխայի լավ առաջադիմության, կատարած աշխատանքի կամ հաջողությունների համար, քանի որ դրանով արժեզրկվում է երեխայի կատարած աշխատանքը։

«Ծնողի դպրոց» ՀԿ հիմնադիր, հոգեբան Աննա Վելիցյանը կարևորեց երեխային հասկացնելը, որ փողը երկնքից չի ընկնում։

«Պետք է նաև հասկանալ, որ փողը ֆետիշ չէ, փողը բոլոր հարցերը կյանքում չի լուծելու։ Այո, փողը լավ բան է, նաև պետք չէ խուսափել փողից», -նշեց Վելիցյանը։

Նրա խոսքով՝ պետք է երեխային սովորեցնել, որ գումարը շատ դեպքերում տալիս է ազատություն և անկախություն շատ հարցերում, իսկ շատ գումարը տալիս է նաև շատ օգնելու հնարավորություն։

Երեխաների ֆինանսական գրագիտությունը խթանելու նպատակով Ամերիաբանկը ստեղծել է MyAmeria Star հավելվածը, որը հնարավորություն է տալիս երեխաներին ծնողի հսկողության ներքո, ունենալ իրենց առաջին թվային քարտը՝ Visa Star-ը, ստանալ փոխանցումներ, կատարել վճարումներ և կանխիկացնել գումար:

Ամերիաբանկի MyAmeria և MyAmeria Star պրոդուկտների ղեկավար Ռուզաննա Գրիգորյանն ընդգծեց, որ որպես տեխնոլոգիական, ֆինանսական կառույց՝ բանկի համար առաջնահերթություն է կրթությունը, հատկապես՝ ֆինանսական գիտելիքների տարածումը, և «Star(t) day»-ը հենց այն նախաձեռնություններից է։

«Ամերիաբանկը, լինելով խոշոր և պատասխանատու կառույց, մշտապես հոգ է տանում իր աշխատակիցների, հաճախորդների և, առհասարակ, հասարակության մասին՝ կազմակերպելով նմանատիպ միջոցառումներ, որոնց հիմքում ընկած է հենց մեր առաքելությունը՝ բարելավել կյանքի որակը», – ասաց Գրիգորյանը։

Ամերիաբանկում վստահ են, որ յուրաքանչյուր «Star»-ի հետևում փոքր մարդու մեծ քայլերն են դեպի ֆինանսական գրագիտություն:

Ամերիաբանկի մասին 

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։  Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։