Փաստաբանների պալատը դատապարտում է արտահայտված խոսքի կապակցությամբ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում։ Այս մասին հայտնում է պալատի մամուլի ծառայությունը։
Փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը քննարկել է Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և կալանավորման հարցը և որոշ եզրակացություններ արել։
«Հանձնաժողովը խստագույնս դատապարտում է արտահայտված խոսքի կապակցությամբ փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում, առավել ևս` իրավունքների սահմանափակման այնպիսի բացառիկ միջոցի կիրառումը, ինչպիսին կալանավորումն է։ Հանձնաժողովը դատարաններին հորդորում է փաստաբանի նկատմամբ հարկադրանքի միջոցներ ընտրելիս կամ կիրառելիս հաշվի առնել նրա՝ որպես փաստաբանի կարգավիճակից բխող առանձնահատկությունները»,- ասված է հաղորդագրությունում։
Հանձնաժողովը պահանջում է իրավասու մարմիններին քննության ենթարկել Ալեքսանդր Կոչուբաևին վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու գործողության ժամանակ անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ տեղեկությունները։ Պահանջում է նաև իշխանազանցություն թույլ տված պաշտոնատար անձանց ենթարկել համարժեք պատասխանատվության։
Հանձնաժողովն արձանագրում է, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին պատկանող հեռախոսը և դյուրակիր համակարգիչը կարող են պարունակել իր վստահորդներին վերաբերող փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, ուստի գտնվում են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով երաշխավորված պաշտպանության ներքո։
Հենց սրանից ելնելով էլ հանձնաժողովը պահանջում է, որ քրեական վարույթն իրականացնող մարմինը զերծ մնա Ալեքսանդր Կոչուբաևի հեռախոսի և դյուրակիր համակարգչի պարունակությունը բացահայտելուն ուղղված որևէ դատավարական գործողություն կատարելուց և վերադարձնի դրանք:
Փաստաբանների պալատից նաև հայտնում են, որ Եվրոպական դատարանի կայուն դիրքորոշման համաձայն` վիրավորանքի կամ քննադատության համար ազատությունից զրկումն անթույլատրելի է, նման ներգործությունը համարվում է անհամաչափ և ոչ անհրաժեշտ միջոց, պետությունները պարտավոր են նման դեպքերում ընտրել միայն քաղաքացիական կամ ոչ քրեական պատասխանատվության ձևեր։
Ընդհանրացնելով վերը նշված դիրքորոշումները՝ հանձնաժողովը գալիս է այն երահանգման, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառված դատավարական հարկադրանքի միջոցներն անհամաչափ և ոչ անհրաժեշտ միջոցներ են:
Sputnik Արմենիա