Логотип

ՓՐԿԵԼ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁ ԷՈՒԼՋԵՔՉՅԱՆԻՆ, ԹԵ՞ ԼՈՒՍԱՆԿԱՐՎԵԼ ԿՈՒՅՍԻ ԱՇՏԱՐԱԿԻ ԽՈՐԱՊԱՏԿԵՐԻՆ

Նոյեմբերի 13-ին Բաքվում տեղի ունեցած դատական խեղկատակության հերթական նիստում դատախազը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հինգ ներկայացուցիչներին՝ Արայիկ Հարությունյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Իշխանյանին և Դավիթ Բաբայանին: Հայաստանի դե ֆակտո ղեկավարությունն ի պատասխան, բնականաբար, ձայն-ծպտուն չհանեց։ Նոյեմբերի 18-ին հերթական տագնապալի հաղորդագրությունը հայտնվեց Վիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակի մասին. արդեն ավելի քան 5 տարի Բաքվի բանտերում գտնվող լիբանանահայի առողջական վիճակը նորից կտրուկ վատացել է:

ՎԻԳԵՆԻ ԿԻՆԸ ԵՎ ՆՐԱ ԱՐԳԵՆՏԻՆԱՑԻ ՓԱՍՏԱԲԱՆ ԼՈՒՍԻԱՆԱ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏԱՐԱԾԵԼ, որում պատմել են Բաքվից վերջին հեռախոսազանգի մասին: Ընդ որում, ինչպես նշվում է, դա մեկուկես ամսվա ընթացքում առաջին զանգն էր, քանի որ Բաքվի իշխանությունները խոչընդոտում են ընտանիքների հետ գերիների շփումներին։ Կնոջ խոսքերով, Էուլջեքչյանը չի կարողանում քայլել, նրա ոտքերն անզգայացած են և անհրաժեշտ է անվասայլակ, ինչը նրան չեն տրամադրում, ոչ մի բուժօգնություն չի ցուցաբերվում, իսկ սննդից միայն հաց ու թեյ են տալիս:

«Մենք շտապ խնդրում ենք անհապաղ անկախ բժշկական գնահատում, որակավորված միջազգային մարմիննների կողմից մարդասիրական հասանելիություն, անվասայլակի, պատշաճ սննդի և անհրաժեշտ դեղորայքի տրամադրում, ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերին, մարդու իրավունքների կազմակերպություններին և չեզոք դիտորդներին ծանուցումներ»,- ասված է հայտարարության մեջ:

Մեկ շաբաթ առաջ հաղորդագրություն ստացվեց Ստրասբուրգից. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մինչև նոյեմբերի 18-ը երկարաձգել էր Ադրբեջանի կողմից հայ գերիների վիճակի վերաբերյալ տվյալների տրամադրման վերջնաժամկետը: Անցել է գրեթե մեկ շաբաթ, սակայն միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը մինչ օրս չի հայտնել՝ տրամադրվել է արդյոք զեկույցը, թե՞ Ադրբեջանն առաջվա պես հրաժարվում է կատարել սեփական պարտավորությունները:

Թեպետ, միանգամայն հնարավոր է, որ ժամանակին նման հարցերով բավական ակտիվորեն զբաղվող գրասենյակը պարզապես մոռացել է արդեն անցած ժամկետի մասին: Իսկ դրա նորանշանակ ղեկավար Կարեն Անդրեասյանն առավելևս ժամանակ չունի հայ գերիների համար, քանզի նույն ակտիվությամբ հիմա մասնակցում է կարգալույծ նախկին քահանաների նիկոլական «պատարագներին» և այլ միջոցառումների։

Ճիշտ է, նոյեմբերի 7-ին ԶԼՄ-ների հարցմանն ի պատասխան այդ գրասենյակից հայտարարեցին, թե նույնիսկ տեղեկություններ ստանալու դեպքում դրանք կարող են ենթակա չլինել հրապարակման՝ «հաշվի առնելով անձնական տվյալների պաշտպանության անհրաժեշտությունը»։ Բայց կարելի է, չէ՞, գոնե հայտնել՝ ստացվել են այդ տվյալները, թե ոչ։

Ինչևէ, փաստը մնում է փաստ. Բաքվում ԿԽՄԿ գրասենյակի փակման և գերիների հետ որևէ կապի բացակայության պայմաններում, հայ գերիներին սպառնացող ցմահ և կամ տևական (16-20 տարի) ժամկետների, ինչպես նաև նրանցից մեկի՝ Բաքվի բանտում մյուսներից ավելի երկար գտնվող մարդու վիճակի ծայրահեղ վատթարացման մասին տեղեկությունների պայմաններում փաշինյանական ռեժիմը շարունակում է գործնականում ոչինչ չանել։

ԹԵԵՎ ՈՉ, ՕՐԵՐՍ ՆԻԿՈԼՆ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ԻՆՉՈՐ ԲԱՌԵՐ ԿՈՐԶԵՑ ԻՐ ԲԵՐԱՆԻՑ ԱՅՍ ՑԱՎՈՏ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ։ Նոյեմբերի 20-ին նա հայտարարեց, թե իբր՝ խնդրել Է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերին ուշադրության կենտրոնում պահել Բաքվում պահվող հայ գերիների հարցը. «Ես նշեցի, որ նախագահ Թրամփը հրապարակային խոսել է այս հարցով զբաղվելու իր հանձնառության մասին։ Ես ներկայացրել եմ, թե մենք երկկողմ ինչ ենք անում այս հարցի շուրջ, և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տրամադրել, թե ԱՄՆ-ի կողմից ինչ ջանքեր են գործադրվում և խնդրել եմ այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում»։

Նույնիսկ եթե հնարավոր համարենք, որ թեման ինչ-որ կերպ շոշափվել է Հուքերի հետ հանդիպման ժամանակ, համառ փաստերը կրկին վկայում են այն մասին, որ օկուպացիոն ռեժիմը շահագրգռված չէ գերիների ազատ արձակմամբ և ոչ մի քայլ չի ձեռնարկում Բաքվի դատարաններում նրանց իրավունքների գոնե նվազագույն պաշտպանության ուղղությամբ։ Հիշեցնենք այդ փաստերից լոկ մի քանիսը, որոնք պերճախոս կերպով վկայում են իշխանությունների և անձամբ Նիկոլի երեսպաշտության մասին։

Այս տարվա հուլիսին իշխող կուսակցության հայկական պատվիրակության անդամները, ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում համերաշխություն ցուցաբերելով ադրբեջանցիների հետ, հրաժարվեցին աջակցել գերիներին ազատ արձակելու կոչով ՀՀ ԱԺ պատվիրակության ընդդիմադիր անդամ Լիլիթ Գալստյանի առաջարկած բանաձևին: Համանման դեպք տեղի ունեցավ Երևանում «Եվրանեսթ»-ի աշնանային նստաշրջանում, երբ ՔՊ-ականները հրաժարվեցին քվեարկել գերիների վերաբերյալ բանաձևի շուրջ:

Սեպտեմբերին Վարշավայում ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ միջոցառման ժամանակ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի վկայությամբ, ՀՀ պաշտոնական ներկայացուցիչը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը չի շոշափել գերիների խնդիրը, չնայած Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ակտիվությանը:

Վերջապես, բաց է մնում արդեն ծեծված, բայց արդիականությունը չկորցրած այն հարցը, թե ինչու իշխանությունները չեն դիմում Շվեյցարիայի (կամ որևէ այլ երկրի) կառավարությանը՝ հյուպատոսական ծառայությունների մատուցում ստանձնելու և հայ գերիներին այցելության ու որևէ շփման հասնելու խնդրանքով։ Ոչ, համառորեն խոսվում է միայն Ադրբեջանի հետ «երկկողմ ձևաչափի» մասին, և Նիկոլը վերահաստատեց դա։ Այդ «ձևաչափի» արդյունքը բացարձակ զրո է, և այլ կերպ չէր էլ կարող լինել։

ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ԿԱՍԿԱԾԻՑ ՎԵՐ Է, ՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈՏԵՆԱԼՈՒՆ ՊԵՍ ԹԵ՛ ՓԱՇԻՆՅԱՆԸ, թե՛ իր ոհմակը ցինիկաբար շրջանառելու են թեման, հայտնելով իրենց «անդադար ջանքերի» մասին, իսկ Ալիևը, ի աջակցություն իր հանցակիցների, ամենայն հավանականությամբ, «մեծահոգաբար» կվերադարձնի մի քանի հոգու։ Հայ գերիները Հայաստանի իշխանությունների համար շարունակում են մնալ ընդամենը սեփական կեղտոտ նպատակներին հասնելու գործիք և Ալիևի հետ սակարկության առարկա։

…Անցած հանգստյան օրերին Բաքու էր մեկնել Հայաստանի ոչ այն է «փորձագետների», ոչ այն է «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների» մի խումբ՝ «խաղաղության շուրջ երկխոսություն հաստատելու» նրանց հետ, ովքեր կազմակերպել են Արցախի շրջափակումը, Ստեփանակերտի փողոցներում կոխկրտել Հայաստանի Հանրապետության դրոշը՝ հպարտորեն լուսանկարներ հրապարակելով սոցցանցերում, ովքեր տարիներ շարունակ բացահայտ հայատյացություն են տիրաժավորել ու հակահայկական քարոզչություն վարել։ Հասարակական գործիչները անխռով ժպտում էին՝ լուսանկարվելով Կույսի աշտարակի խորապատկերին, ընդ որում՝ Ալիևի ռեժիմի ամենակատաղի հայատյացներից մեկի, նրա օգնական Հաջիևի ընկերակցությամբ։

Եվ եթե չիմանայինք, որ այդ խումբը ձևավորել է անձամբ Փաշինյանը, կարելի էր մեկ հարց տալ փորձագետ-հասարակական գործիչներին. ինչպե՞ս էիք ձեզ զգում՝ իմանալով, որ գտնվում եք այն քաղաքում, գուցե ոչ հեռու այն վայրից, որտեղ տարիներ շարունակ տանջվում, տառապում և անմարդկային կտտանքների են ենթարկվում ձեր հայրենակիցները: Նրանք, ում հետ անշուշտ, ձեզանից որևէ մեկը հաստատ հանդիպել է Ստեփանակերտում կամ Երևանում, նստել նույն սեղանի շուրջ ու ճամարտակել հայկական Արցախի մասին…

Ո՞նց է հնարավոր նման բան, ախր ո՞նց: