Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը, անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարալված ԼՂ բանակցային փաստաթղթերին ու դրանց բովանդակությանը, մասնավորապես նշում է.
«Բանակցային գործընթացում կար մի սկզբունք՝ ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ։ Այսինքն, եթե կողմերն ամեն ինչ պայմանավորվեին, բայց գոնե մեկ հարց բաց մնար, ապա ամբողջ բանակցված փաստաթուղթն առոչինչ էր դառնում։ Այս սկզբունքը հայկական կողմին թույլ էր տալիս խաղալ Ադրբեջանի համար հնարավոր և անհնար որոշումների վրա։ Սա շատ նուրբ գործընթաց էր, որը բացի դիվանագիտական բարձրորակ կարողություններից, նաև այլ հմտություններ էր պահանջում։ Օրինակ, հաշվարկել Ալիևի կարելիների ու չի կարելիների սահմանները, և բանակցությունները պահել մեզ համար արդյունավետ ընթացքի մեջ։ Դա նաև թույլ էր տալիս Երևանին համոզել միջազգային հանրությանը, որ դեմ չենք փոխզիջումներին, այդ թվում նաև տարածքների հանձնմանը, բայց փաստացի օր օրի ամրապնդելով մեր ներկայությունն Արցախի ազատագրված տարածքներում։
Միտքս ավելի պարզ ասեմ՝ այն ժամանակ էլ, հիմա էլ վստահ եմ, որ պաշտոնական Երևանն ինքն էր դեմ իր իսկ բանակցած փաստաթղթին։ Բայց հայկական կողմը կարողացել էր այնպիսի դրույթներ դնել մեջը, որ նախ փաստաթղթում ներքին հակասություններ առաջանան (վերորնշյալ սկզբունքի մասին չենք մոռանում) և ապա՝ որպեսզի Ալիևը կյանքում չկարողանար համաձայնվել դրանց։
Պուտինին հղված Սարգսյանի նամակը, որն այսօր հրապարակվել է կառավարության կայքում, ասվածիս վառ ապացույցն է։ Այն դիվանագիտական արվեստի իսկական գլուխգործոց է։ Նիկոլը եթե գոնե մի քիչ հասկանար, թե այդ նամակով ինչ խնդիր և ինչպես է լուծել Սերժ Սարգսյանը, կյանքում այդ նամակը չէր հրապարակի։
Վստահեցնում եմ՝ եթե Սերժ Սարգսյանը համաձայնվեր կյանքի կոչել բանակցվող փաստաթղթի դրույթները՝ մասնավորապես Արցախի կեսը հանձներ թշնամուն, ապա 2018-ի հեղաշրջումը երբեք տեղի չէր ունենա։ Ասվածը կարող է տարօրինակ հնչել, բայց դեմ լինելով բանակցվող փաստաթղթին՝ միջազգային հանրությանը ցույց էր տալիս թե կողմ է, զուգահեռ ամեն ինչ անելով, որպեսզի այն երբեք կյանքի չկոչվի։
Նիկոլը ճիշտ հակառակն է արել՝ խոսքով նա հրաժարվել է բանակցային այդ գործընթացից, բայց գործի վրա արել բոլոր այն քայլերը, որոնք ներկայացված էին ԵԱՀԿ ՄԽ 2019-ի առաջարկներում։ Եվ դեռ ավելին՝ արել է միակողմանի զիջումներ՝ ազատելով Ալիևին իր համար անհնար որոշումներ ընդունելու անհրաժեշտությունից։ Եվ նույնիսկ ավելին՝ Արցախը հանձնելու իր պատրաստակամությունը քողարկելու համար պատերազմ է բերել մեր գլխին՝ փորձելով դավաճանությունը կոծկել պարտությամբ։
Սա երկար և մանրակրկիտ քննարկելու թեմա է։ Վստահ եմ՝ առաջիկայում դրա հնարավորությունը կունենանք։ Բայց կրկնեմ՝ ես ավելի, քան վստահ եմ, որ բանակցային գործընթացի ցանկացած ավարտ կորուստ էր բերելու հայկական կողմին։ Դրա համար պետք էր անընդհատ բանակցել և զուգահեռ ուժեղանալ։ Ինչպես դա եղել է մինչ իշխանազավթումը։
Եվս մի կարևոր հանգամանք, որին խնդրում եմ ուշադիր լինենք։ Այսօր մենք խոսում ենք Արցախի համար լավ ու վատ հնարավորությունների մասին՝ ելնելով 44-օրյա դավաճանված պատերազմի արդյունքներից։ Այո, իհարկե, եթե հարցնեիք, թե ո՞րն է ավելի լավ՝ առանց 7 շրջանների, թե՞ ամբողջությամբ հայաթափված Արցախը, պետք է վստահ ընտրեմ առաջին տարբերակը։ Բայց մինչ դավաճանված պատերազմն իրականությունը միանգամայն այլ էր։ Խնդրում եմ սրա մասին էլ չմոռանալ»։
