Логотип

ՔԱՂԱՔԱԳԵՏ․ 2026-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՍՏԱՆԱԼ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Երկրի ներսում աջակցության նվազմանը զուգահեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը փորձում են աջակցություն և լոյալություն ստանալ արտաքին աշխարհում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Արա Պողոսյանը` մեկնաբանելով Փաշինյանի փարիզյան այցի արդյունքները։

Փաշինյանը հոկտեմբերի 29-30–ին Ֆրանսիայում մասնակցել է Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին, որի շրջանակում «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով հարցուպատասխանի ձևաչափով քննարկմանը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, տարածաշրջանային իրավիճակին, հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը: Խոսելով հաջորդ տարի նախանշված համապետական ընտրությունների մասին` Փաշինյանը նշել է, որ այդ քաղաքական իրադարձությունը կարևոր է խաղաղության գործընթացի և կայունության համար։

Արա Պողոսյանի դիտարկմամբ` իշխող քաղաքական թիմը` Փաշինյանի գլխավորությամբ, արդեն ձևավորվել է այն նարատիվները, որոնցով տարվելու է 2026 թվականի քարոզարշավը, և հիմա փորձ է անում ներքին քաղաքական ուղերձները ընկալելի դարձնել նաև արտաքին աշխարհի համար։

«Դա խաղաղություն և պատերազմ նարատիվների հակադրությունն է։ Փաշինյանը ներկայանում է որպես խաղաղության ուժ` բոլոր մնացածին ներկայացնելով որպես պատերազմի ուժեր։ Մյուս կողմից նա ներկայանում է որպես միակ պրոարևմտյան ուժ, որը խաղաղություն է բերում տարածաշրջան։ Մյուս բոլորին ներկայացնում է որպես պրոռուսական ուժեր` այսկերպ փորձելով աջակցություն ստանալ Արևմուտքից»,– ասաց քաղաքագետը։

Արևմուտքից ակնկալիքը, ըստ Պողոսյանի, արտահայտվում է ինչպես քաղաքական, դիվանագիտական աջակցության, այնպես էլ կոնկրետ ներդրումների տեսքով, որպեսզի ընտրական շրջանում կարողանա ժողովրդին ցույց տալ, որ իր վարած քաղաքականությունը արժանանում է Արևմուտքի հավանությանը։

Փարիզյան ֆորումի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր նաև վիճահարույց ընտրությունների արդյունքում Մոլդովայի նախագահի պաշտոնում վերընտրված Մայա Սանդուի հետ։

Պողոսյանն այս հանդիպումը խորհրդանշական է համարում և ոչ պատահական` դիտարկելով ՀՀ–ում ընդդիմադիր քաղաքական ուժերին որպես պրոռուսական, ապակայունացնող և հակաժողովրդավարական բնորոշելու քաղաքականության համատեքստում։

«Նախկինում ևս միջազգային հարթակներից մեկում իր կողմից հնչել է արդեն հայտարարություն, որ Արևմուտքը պետք է աջակցի իր իշխանությանը` ՀՀ–ում հակաժողովրդավարական ուժերի նկատմամբ հաղթանակ տանելու գործում։ Ուստի այս հանդիպումը սիմվոլիկ է այն իմաստով, որ Փաշինյանը, իր բոլոր գլխավոր մրցակիցներին բնորոշելով որպես հակաժողովրդավարական ուժեր, որոնք կառավարվում են իբրև թե Ռուսաստանի կողմից, փորձում է լեգիտիմացնել ապագայում հնարավոր ճնշումները հիմնական մրցակից ուժերի դեմ»,– ընդգծեց քաղաքագետը։

Sputnik Արմենիա