ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ, որտեղ պատրաստվում է ռազմավարական գործընկերության մասին հարցեր քննարկել նրա հետ։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ նրա դիրքերը երկրում թուլանում են խորհրդարանական ընտրություններից առաջ, և հանրությունը դեռևս չի ներել նրան Լեռնային Ղարաբաղի կորստի համար, հաղորդում է ՆՏՎ հեռուստաալիքը։
Հայաստանի վարչապետը մտադիր է Ռուսաստանի նախագահի հետ քննարկել երկկողմ հարաբերությունների հեռանկարները, և սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ հենց Փաշինյանի ներքաղաքական դրությունն է գնալով էլ ավելի երերուն դառնում։ Ռեպորտաժում նշվում է, որ Հայաստանի կառավարության ղեկավարն ավանդաբար դիմում է Ռուսաստանին հենց այն ժամանակ, երբ երկրի ներսում լուրջ դժվարությունների է բախվում։
Ըստ նյութի հեղինակների՝ դրանցից գլխավորը մնում է Ղարաբաղի կորուստը. հասարակության զգալի մասը չի ներել վարչապետին տարածաշրջանի կորստի համար, իսկ փախստականները նրան բացահայտ մեղադրում են դավաճանության մեջ։ Ռեպորտաժում բերվում է Երևանի մետրոյում տեղի ունեցած հատկանշական մի միջադեպ, որտեղ Փաշինյանը վիճաբանության մեջ է մտել Ղարաբաղից տեղահանված մի կնոջ հետ, և խոսակցությունն ակնհայտորեն չի դասավորվել նրա օգտին։
Ինչպես հաղորդում է «ՆՏՎ»-ն, այս ամենի ֆոնին նախընտրական քարոզարշավ է ծավալվում. մոտենում են խորհրդարանական ընտրությունները, իսկ իշխող կուսակցության վարկանիշները հեռու են հուսադրող լինելուց: Փաշինյանն ակտիվ աշխատանք է տանում սոցիալական ցանցերում և շփվում ժողովրդի հետ, սակայն, ինչպես ընդգծվում է ռեպորտաժում, շարքային քաղաքացիների հետ շփումներն ավելի ու ավելի հաճախ են վերածվում անհարմար իրավիճակների:
Լրացուցիչ գրգռիչ գործոն են հանդիսանում նաև Սահմանադրությունը փոխելու վարչապետի ծրագրերը. նա մտադիր է դրանից հանել Ղարաբաղի մասին ցանկացած հիշատակում։ Բաքուն նույնպես ձգտում է դրան: Ռեպորտաժում մեջբերվում է հենց Փաշինյանի խոսքը, ով հայտարարել է, որ պատրաստ է հանրաքվեներ անցկացնել այնքան, որքան անհրաժեշտ կլինի ցանկալի արդյունքի հասնելու համար: «ՆՏՎ»-ն առանձնակի անդրադառնում է նաև իշխանության և եկեղեցու հակամարտությանը. օրինակ այն, որ արքեպիսկոպոսներից մեկը բերման է ենթարկվել, նաև այն, որ եկեցեղում վարչապետի այցի ժամանակ նրա թիկնազորը ստիպված է եղել հետ մղել ծխականներին:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, արտաքին քաղաքականության հարցում Փաշինյանը շարունակում է հավասարակշռել. Եվրախորհրդարանում նա զգուշացնում էր «հյուսիսից եկող սպառնալիքի» և ընդդիմության ու ռուսաստանյան օլիգարխների կապերի մասին, մինչդեռ Մոսկվայում պատրաստվում է բանակցել ռազմավարական գործընկերության շուրջ։ Արևմուտքն իր հերթին անմասն չի մնում. ռեպորտաժում հիշատակվում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն խոսել է Երևանի՝ դեպի դաշինք ձգտելու մասին, իսկ եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն առաջարկել է արագ արձագանքման խումբ ուղարկել Հայաստան՝ ընտրություններին օտարերկրյա միջամտությանը դիմակայելու համար։ «ՆՏՎ»-ն սարկազմով նկատում է, որ «արևմտյան քաղտեխնոլոգների նման դեսանտը» ինքնին ճնշում է հանդիսանում ինքնիշխան պետության նկատմամբ։
News.am
