Логотип

Քաղտեխնոլոգ․ Կարևոր են ոչ այնքան Ֆիդանի ասած բառերը, որքան այն, ինչի մասին նա չի խոսել

Անկարան ակնարկել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հայաստանի գործող իշխանությունների պարտության դեպքում քաղաքականության վերանայման մասին: Այս մասին, այսօր՝ հունվարի 26–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել էր Հայաստանում կայանալիք ընտրություններին և հայտարարել հետևյալը. «Մենք տեսնում ենք, որ ներկայում անցկացվող հանրային հարցումներում Փաշինյանն առաջատար է։ Մենք իսկապես աջակցում ենք այն կառուցողական դերին, որը նա տանում է։ Այդ գիծը, այդ կամքը պետք է շարունակվի»։

Հակոբյանի խոսքով, կարևոր են ոչ այնքան Ֆիդանի ասած բառերը, որքան այն, ինչի մասին նա չի խոսել. «Երբ Ֆիդանը խոսում է այն մասին, որ իրենք աջակցում են Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղեգծին, «խաղաղության օրակարգին», ապա ակնարկում են, որ Անկարան կշարունակի օգնել ներկայիս իշխանություններին միայն այնքան ժամանակ, քանի դեռ նրանք ի վիճակի են վերընտրվել։ Իսկ եթե հաղթեն այլ ուժեր, որոնք գնահատվում են որպես «ռևանշիստական», ապա Անկարայի և Բաքվի քաղաքականությունը կարող է փոխվել», – ասաց նա՝ նկատելով, որ Հայաստանում այլ ուժերի հաղթանակի դեպքում Անկարայի և Բաքվի հռետորաբանությունը կարող է փոխվել։

Քաղտեխնոլոգը չի բացառում, որ ընտրությունները մոտենալուն պես նման հայտարարությունները կհնչեն ավելի ուղիղ տեքստով. «Ըստ էության, փորձելու են պաշտպանել Փաշինյանի այն թեզը, որ նա «խաղաղություն է բերում», իսկ մնացած բոլոր ուժերը «պատերազմի կուսակցություններ են»։

News.am