Логотип

Քայլող գաղափար կա․ Փաշինյանը` երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հերքում, որ որոշակի զրույցներ կան հայկական երկաթուղին ղազախական ընկերության կոնցեսիոն կառավարմանը հանձնելու մասին։ Նա այդ մասին խոսեց կառավարության նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։

Ավելի վաղ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը, անդրադառնալով մարտի 23-ին տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին, նշել էր, թե իր տեղեկություններով՝ հիմա քննարկվում է հայկական երկաթուղին ղազախական ընկերությանը կոնցեսիոն կառավարման հանձնելու հարցը։

«Դեմ չենք լինի, եթե պարզվի, որ մեր և Ռուսաստանի համար կա փոխադարձ ըմբռնում, որ ղազախական ընկերությունը երկուսիս համար էլ ընդունելի է»,- ասաց Փաշինյանը։

Նա միաժամանակ շեշտեց՝ նման թևածող կամ քայլող գաղափարներ կան, բայց չի կարող ասել, թե քննարկումներ կան։

Հիշեցնենք` հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Փետրվարի 13-ին Փաշինյանը ՌԴ գործընկերներին առաջարկել էր Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։

Sputnik Արմենիա