«Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածի հայաստանցի օգտատերերի թիվը հասել է 11 հազարի։ «ԵԱՏՄ թվային նախագծերը» թեմայով Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան-Տաշքենդ տեսակամուրջի ժամանակ այս մասին հայտնեց Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահի տեղակալ, ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի համադրող, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
««Աշխատանք ԵԱՏՄ–ում» նախագծում Հայաստանի տեսակարար կշիռը կազմում է 9%։ Եվ որպես ակտիվ օգտատեր Հայաստանից գրանցված է 11 հազար մարդ, որոնք հետևում են մեր հավելվածի զարգացմանը», – նշեց Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ հայաստանյան գործատուներին հնարավորություն է ընձեռվել այս հարթակում անձնական «կաբինետներ» ստեղծել արձագանքներ ստանալու և հաղորդագրություններ ուղարկելու համար:
Բացի այդ, Սարգսյանի խոսքով, Հայաստանի և Ղրղզստանի կառավարություններին առաջարկվել է քննարկել մասնավորապես Հնդկաստանից և Պակիստանից միգրացիոն հոսքերի կառավարման հարցը: Այս առումով «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածը կարող է օգտակար լինել ներքին միգրացիոն գործընթացների կարգավորման տեսանկյունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2025 թվականի փետրվարի դրությամբ Հայաստանից ավելի քան 4000 աշխատանք փնտրող և 1000 գործատու է օգտվել «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հարթակից։ Այսինքն՝ կես տարվա ընթացքում օգտատերերի թիվն ավելացել է մոտ 7000–ով։
