Այս պահին լարված է ոչ միայն Գյումրիի քաղաքապետարանի դրսում, այլև ներսում։ Աշխատակիցների և դիմակավորված ուժայինների միջև քաշքշոց տեղի ունեցավ։
Քաղաքի բնակիչները հավաքվում են քաղաքապետարանի դիմաց, որտեղ մեծ թվով ոստիկաններ կան։ Քիչ առաջ ևս երկու ավտոբուս ոստիկանական ուժեր եկան։
Իրավապահները փակել են քաղաքապետարանի մուտքի դուռը և թույլ չեն տալիս մարդկանց, այդ թվում քաղաքապետարանի աշխատակիցների ելքն ու մուտքը։
Հավաքվածները սուլում են ոստիկաններին ու վանկարկում՝ «ամոթ»։
Ըստ քաղաքապետարանի աշխատակիցների՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շենքում է, նրա դռան մոտ հսկողություն է սահմանվել։ Նրան, ըստ էության, մեկուսացրել են, իսկ դռան մոտ հավաքված աշխատակիցները մտավախություն ունեն, որ քաղաքապետին ցանկանում են ձերբակալել։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վաղ առավոտյան մտնել են Գյումրիի քաղաքապետարան։
Դիմակավորված հատուկջոկատայինները արգելել են աշխատակիցների ելքնումուտքը։ Աշխատակիցները հայտնել էին, որ դեռ որևէ տեղեկություն չունեն, թե ինչ գործի շրջանակում են նրանք ժամանել։
Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին միայն հետևյալը. «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում Գյումրիի համայնքապետարանում իրականացվում են քննչական գործողություններ: Լրացուցիչ կտրվի տեղեկատվություն»։
News.am