Логотип

Քաշքշուք Գյումրիի ՔԿ-ում՝ Վարդան Ղուկասյանի որդուն սատարելու եկածների մասնակցությամբ

Գյումրիում գտնվող Շիրակի մարզային քննչական վարչությունում քաշքշուք է տեղի ունեցել Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի որդուն սատարելու եկած քաղաքացիների մասնակցությամբ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնում են աղբյուրները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել շորթման գործով:

Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին ՔԿ-ից, դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում տեղի ունեցածի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ 2 հոդվածներով։

Մասնավորաբար, վարույթները նախաձեռնվել են Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը)։

Կատարվում է նախաքննություն։